ՄիջազգայինՆորություններ

Ինչպես են Չինաստանում տեղափոխում նոր վիրուսով վարակված հիվանդին

Չինացի բուժաշխատողներն աշխատում են քիմպաշտպանության հատուկ համազգեստներով, իսկ նոր կորոնավիրուսով վարակված հիվանդներին տեղափոխում են փակ մեկուսախցիկներով, որպեսզի կանխեն վարակի տարածումը:

Այդ երկրում արդեն 20 բուժաշխատող վարակվել է  հիվանդներից: Այդ մասին հայտնել են Չինաստանի իշխանությունները:

Վարակի բռնկումը սկսվել է կենտրոնական Չինաստանից՝ 11 միլիոնանոց Ուհան քաղաքից: Կորոնավիրուսը դարձել է ավելի քան 20 մարդու մահվան պատճառ: Նոր վիրուսով վարակվելու դեպքեր են արձանագրվել Թայլանդում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում:

17 վայրկյան տեւողությամբ տեսանյութ է նկարահանվել Գուանդուն նահանգի Հոյչժոու քաղաքում: Այդ նահանգում կա առնվազն 29 վարակակիր, որոնք ծանր վիճակում են:

Մասնագետները կարծում են, որ նոր վիրուսի տարածման պատճառ են դարձել կենդանիները, որոնք վաճառվում են Ուհանի ծովամթերքների շուկայում՝ Յանցզի գետի ափին:

Հունվարի 25-ին չինացիները նշում են Լուսնային նոր տարին, որի ընթացքում միլիոնավոր մարդիկ մեկնում են տարբեր քաղաքներ՝ իրենց հարազատներին այցելելու նպատակով:

Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ այս օրերին կորոնավիրուսը կարող է ավելի լայն տարածում գտնել:

Աղբյուր՝ lifter.com.ua

Back to top button
Close