Նորություններ

Իրանի սահմանը հատելիս բռնել են առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվողի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության ծառայողները, համագործակցելով ՀՀ Ազգային անվտագության ծառայության Մեղրիի բաժնի և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողների հետ, իրականացնելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Մեղրիում տեղակայված ուղեկալի պահպանության հատվածում Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատման փորձ կատարելու կասկածանքով հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ, 46-ամյա Ռուբեն Սարգսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի , նույն հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 11-րդ կետերի մեղադրանքով:

Ռ. Սարգսյանը Գյումրիում հայտնի է «Ուդի»- մականվամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա տեղափոխվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատութան գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն քննչական բաժնի պետի տեղակալ, արդրադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Սարգիս Ֆարմանյանի և Նարե Ներսիսյանի նկատմամբ:

Վեջիներիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 11-րդ կետերով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ), ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքերի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն էին բերման ենթարկել նշված անձանց:

Ոստիկանները հայտնաբերել էին նաև տարբեր տեսակի և քաշի թմրամիջոցներ: Արդեն նշված քրեական գործի շրջանակում Էրեբունու ոստիկաններն ու քննիչները մի քանի օր շարունակ կատարել են հսկայածավալ օպերատիվ, քննչական և հետախուզական համատեղ գործողություններ, ինչի արդյունքում բացահայտվել էր պատվիրված սպանության դեպք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2018 թ.-ի մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Է.Գյուլազյանի դին:

Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ այն ժամանակ պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից, որի կազմում եղել են «մեթամֆետամին» և կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ: Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Ուդի» մականվամբ՝ Ռուբեն Սարգսյանը 2018 թ.-ի մարտ ամսին Նուբարաշեն բանտի թիվ 36 խցում՝ այսօր կալանավորված «Շաք» մականվամբ Ս. Ֆարմանյանի հետ, պատիժը կրելու ընթացքում նրան տեղեկացրել է իր վերաբերյալ դեռևս դատաքննության փուլում գտնվող առևանգման դեպքի վերաբերյալ քննվող քրգործում տուժողից վրեժխնդիր լինելու շարժառիթով մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորում ձևացնելու եղանակով նրան վերացնելու մասին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ամենը իրագործել էին Ն. Ներսիսյանն ու Ս. Ֆարմանյանը:

Սպանությունը պատվիրելու համար նախատեսված գումարի շուրջ համաձայնության գալուց հետո Ս. Ֆարմանյանը Ռ. Սարգսյանի գիտությամբ ինչ-ինչ ճանապարհով կապ էր հաստատել Ն. Ներսիսյանի հետ և ստացել սպանությունը նման եղանակով գումարի դիմաց կատարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը:

Արդեն նախնական համաձայնության շրջանակներում Ն. Ներսիսյանը գնացել էր Գյումրի, Է. Գյուլազյանի հետ դեռևս չպարզված հանգամանքերում հանդիպել հյուրանոցում, որտեղ էլ հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով տուժող Է. Գյուլազյանի աջ և ձախ արմկանային հոդերի առաջային մակերեսներին միաժամանակ ներարկել էր մեծ չափաբաժնով թմրամիջոց, իսկ հետո արդեն Է. Գյուլազյանը անօգնական անգիտակից վիճակում հայտնվել էր Շիրակի մարզի Ազատան գյուղից Արևի գյուղ տանող ճանապարհի 121-րդ կմ հատվածում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button
Close