Նորություններ

«Ռախիտ սահմանադրություն, որի պատճառով եղավ պետական հեղաշրջում, և Սերժ Սարգսյանը «վիզը ջարդեց». Լևոն Շիրինյան

«Սահմանադրության այս տարբերակը ռախիտ է և պարզ է՝ ինչի համար էր ստեղծված: Սա էր պատճառը, որ եղավ պետական հեղաշրջում, որտեղ Սերժ Սարգսյանը «վիզը ջարդեց»»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով հնարավոր սահմանադրական փոփոխություններին և ներքաղաքական լարված իրավիճակներին:

Լևոն Շիրինյանի կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների արդյունքում կառավարման ձևի փոփոխություն չպետք է լինի.

«Կյանքն ապացուցեց, որ Հայաստանի 30 տարվա «զարգացումը» բերեց պետության քայքայման, բռնապետության առաջացման, սերժառոբերտական մարդասպանությունների, ինչի արդյունքում էլ եղավ հեղափոխություն, և մերժվեցին կառավարման նախագահական ու կիսանախագահական տարբերակները: Այսպիսով՝ պետության կառավարման խորհրդարանական մոդելը պետք է լավ «սարքվի», որ մենք էլ ունենանք լավ հանրապետություն»:

«Ես առաջարկում եմ վերցնել Ավստրիայի խորհրդարանական հանրապետության մոդելը, քանի որ դրանով պետության կառուցվածքը ներդաշնակեցվում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի հետ: Պետք է գնալ խորհրդարանական հանրապետության կատարելագործման ճանապարհով»,- հավելեց քաղաքագետը:

Նա նշեց, որ պետք է արվեն այնպիսի փոփոխություններ, որոնք կհավասարակշռեցնեն վարչապետի լիազորությունները:

Ըստ քաղաքագետի՝ խորհրդարանում շեշտը պետք է դնել ոչ թե լեզուների իմացության, այլ քաղաքական իմաստության վրա.

«Մեր թերություններից մեկն այն է, որ մենք չունենք կայացած կուսակցություններ (նախորդ պարագայում էլ չունեինք): Ուստի, պետությունը պետք է զարգացնի կուսակցական համակարգը և որպես պետական հոգածության առարկա՝ այն չպետք է կարգավորի գաղտնի ծառայություններով, ինչպես դա անում էին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը»:

Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Սահմանադրության փոփոխության հետ միասին Հայաստանում պետք է հռչակվի չորրորդ հանրապետություն.

«Այս աղբանոցից պետք է դուրս գալ և ստեղծել այնպիսի Սահմանադրություն, որը մի քանի տասնամյակ փոփոխման կարիք չի ունենա: Այս ամենը պետք է արվի Հայաստանի մշակույթը հաշվի առնելով, քանի որ մեր առանձնահատկությունը մեր մշակույթի մեջ է, և եթե Սահմանադրության փոփոխման ժամանակ սա հաշվի չառնենք, այն կլինի լիբերալ և բոլորի համար օգտագործելի մի բան, իսկ ինչը բոլորի համար օգտագործելի է, կարծում եմ՝ մեզ համար ձեռնտու չէ»:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ՍԴ-ում առկա ճգնաժամը կարո՞ղ է արդյոք հանգուցալուծում ստանալ սահմանադրական փոփոխությունների միջոցով, քաղաքագետը պատասխանեց.

«Անշուշտ, նոր բան է պետք մշակել և ՍԴ-ի հարցը չպետք է ձգձգել, քանի որ մենք չգիտենք՝ այս Սահմանադրությունը քանի տարում «հորով-մորով» կլինի: Հիմա իշխանությունը կարող է հանրաքվե կազմակերպել և հարցնել՝ արդյոք մեզ պետք է նման կազմով, գիտելիքներով և բարոյականությամբ ՍԴ: Կարծում եմ, որ բնակչության 90%-ը կասի՝ ոչ: Այսինքն դա դեմոկրատական պրոցեդուրա է, և մեկը մյուսի հետ չպետք է շփոթել: Պետք է վերցնել զարգացած երկրների օրինակը՝ մերի հետ զուգորդելով. Սահմանադրության նորմերը համաշխարհային նորմեր են, և առանձնապես բան չկա հայտնաբերելու»:

Back to top button
Close