Նորություններ

«Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձանից. գործը քաղաքական է». Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ում բնակարանում դատարանի որոշմամբ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել, լրագրողների հետ զրույցում նշել է.

«Ուզում եմ երկու բանի անդրադառնալ շատ կարճ: Երկու-երեք անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության, և այսօր տանն էլ ինչ-որ քննչական գործողություններ կատարել, իմ խնդրանքը, միջնորդությունն ու հորդորը եղել է մեկը, որ այդ ամբողջը տեսաձայնագրվի: Ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու: Իրոք, ցավ եմ ապրում դրա համար, բայց դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան՝ ով ինչ ասեց, ինչու ասեց, ոնց վարվեց և այլն, չի լինելու: Ես միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի, բոլոր գործողությունները տեսաձայնագրվեն: Ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մերժելը մեր միջնորդությունները՝ թե՛ քննչական, թե՛, այսպես ասած, հարցաքննությունը, այսօր տան խուզարկությունը որպեսզի չձայնագրվի, որպեսզի հետո տարընթերցումներ չլինեն, տարբեր մեկնաբանություններ չլինեն:

Երկրորդը. ես իրավական կողմին չեմ անդրադառնա: Իմ փաստաբանական կողմը կանդրադառնա դրան: Բայց, ցավոք սրտի, այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում իմ շուրջ, Սահմանադրական դատարանի շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են: Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես ՍԴ նախագահ: Եվ այս ամբողջն արվում է շատ կոպիտ, ամբողջն արվում է արդեն ակնհայտ, և դրա մասին այլևս իմ ասելով չէ, որ ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հանրությունը տեղյակ է այդ ամենին»:

Նա նշել է, որ ցավ է ապրում դրա համար՝ ասելով, որ իր համար շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը և վաղվա օրը:

«Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել»,- ասել է ՍԴ նախագահը:

Նա հավելել է, որ իրեն էլ արգելել են տեսանկարահանել գործընթացը:

«Սրանք ուզում եք զրկանք համարեք, ուզում եք հետապնդում համարեք: Ինչ ուզում եք համարեք, բայց սա իմ խաչն է, որը ես պիտի տանեմ»,- ասել է Հրայր Թովմասյանը:

Թովմասյանը հավելել է, թե ինչ-որ սեփականության վկայական են փնտրել իր բնակարանում:

Նա նաև ակնարկել է՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը շատ ավելի ասելու բան ունի այս գործի վերաբերյալ:

«Իմ՝ ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է բացառապես նրանով, որ այստեղ ընդհանրապես իրավունք գոյություն չունի: Այս ամբողջի բուն նպատակը քաղաքական է և

վատ քաղաքական: Այնքան քաղաքական է, որը ոչ միայն չի բխում իմ շահերից, ձեր շահերից, երկրում որևէ մեկի շահերից չի բխում»:

Հարցադրմանը, թե Նիկոլ Փաշինյանի հետ գործի վերաբերյալ խոսե՞լ է, տվել է բացասական պատասխան:

Back to top button
Close