Նորություններ

«Հեղաշրջման փորձերը ունեն անուն և ազգանուն, և հանրությանը պետք է պարզ դառնա, թե խոսքը ում մասին է խոսքը» Ռուբեն Մեհրաբյան

«Հեղաշրջման փորձերը ունեն անուն և ազգանուն, և հանրությանը պետք է պարզ դառնա, թե խոսքը ում մասին է, եթե Անվտանգության խորհրդի քարտուղարը հիմք չունենար այդ հայտարարությունն անելու, չէր անի, բայց քանի որ ասվեց փաստի մասին, բայց չհրապարակվեց անուն-ազգանուններ, ես ենթադրում եմ, որ դրա հետ կապված հետաքննություն է տեղի ունենում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից արված այն հայտարարությանը, որով Գրիգորյանը հաստատում է, որ Հայաստանում հեղաշրջման փորձեր են եղել:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանն անվանական ոչինչ չասաց (https://galatv.am/hy/2806464/), բայց մատնանշեց, որ հեղաշրջման փորձ կատարելու մեջ կան նաև պաշտոնանկ ղեկավարներ :

Քաղաքագետը շեշտում է. «Մյուս կողմից, մենք պետք է նաև արձանագրենք, որ հեղաշրջման փորձը կատարում են շատ կոնկրետ մարդիկ՝ անունով և ազգանունով, որոնք հանրության համար պետք է հայտնի դառնան, գոնե առաջիկայում: Ես կարծում եմ, որ գործընթացները դեռևս առջևում են»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե վերջին շրջանում վարչապետի որոշմամբ տեղի ունեցած պաշտոնանկություններն ինչքանով կապ ունեն հեղաշրջման փորձի հետ, Մեհրաբյանը պատասխանեց. «Քանի որ Անվտանգության խորհրդի քարտուղարն անուններ չհրապարակեց, չի կարելի ենթադրությունների վրա հիմնվելով՝ այսինչը կապել այնինչի հետ: Պաշտոնանկությունները կարող էին տարբեր պատճառներով լինել»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն տեղի են ունեցել պաշտոնանկություններ, հատկանշական է հատկապես ուժային կառույցների պաշտոնանկությունները:

2019թ. սեպտեմբերի 16-ին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ազատվեց աշխատանքից:

2019թ. սեպտեմբերի 18-ին Երևանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից և նույն օրը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, նոր պաշտոնում Օսիպյանը ղեկավարեց 3 շաբաթ:

Սեպտեմբերին Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գեորգի Հայրապետովը ևս պաշտոնանկ արվեց:

ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, թե վերջին շրջանում մեր երկրում տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, բարձրաստիճան պաշտոնյաների մահեր, «Էրեբունի» պլազայի կրակոցները, ինչպե՞ս կգնահատի Հայաստանի ներքաղաքական դրությունը, քաղաքագետն արձագանքեց. «3 մահերն էլ տարբեր պատմություններ են: Դրանք պետք է նախ խորքային ուսումնասիրվեն, որ պարզ դառնա, թե կատարվածն ինչքանով է իրավիճակ թելադրում ներքաղաքական դրության հարցում: Ներքաղաքական դրությունն ընդհանուր առմամբ այսօր Հայաստանում փայլուն է, չնայած, այո, կան փոքրաթիվ և ագրեսիվ կազմակերպված խմբավորումներ, որոնք ներքին գժտություններ են ստեղծում»,- եզրափակեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ ներքաղաքական դրությունը, որպես այդպիսին, լարված չէ, իսկ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, դրանցից բխող զարգացումները դեռևս ուսումնասիրվում են, և պետք չէ շտապել և կանխավ որակումներ տալ:

 

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button
Close