Նորություններ

ՀՀ իշխանությունները պետք է պաշտպանեն իրենց քաղաքացիների իրավունքներն օտարերկրյա զինվորական ոտնձգություններից. ՀՔԱՎ

2018 թվականի հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ զինվորական տեխնիկայով երթն ուղեկցվել էր ինքնաձիգների կրակահերթերով, ինչը  մեծ խուճապ էր առաջացրել գյուղում: Բնակիչները նախապես տեղեկացված չէին եղել  զորավարժություններին, որ իրենց գյուղի տարածքով անցնելու է ռուսական բազայի զինվորական ծանր տեխնիկան:

Փանիկցիները ռուսական հրամանատարական կազմից բացատրություն էին պահանջել այն մասին, թե ինչու իրենք նախօրոք  չեն զգուշացվել այդ մասին: Ռուսական կողմը բավարարվել էր բնակիչներից ընդամենը ներողություն խնդրելով: Գյուղացիների դժգոհության առիթներից մեկն էլ այն էր, որ ռուսական ռազմաբազայի ծանր զինտեխնիկան տեղաշարժվելով վնասում է ճանապարհները, իսկ ռուսական կողմը այդ վնասը փոխհատուցելու մասին չի էլ մտածում:

Միջադեպին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակը՝ հավաստելով, որ դեպքի հանգամանքները և դրա ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են վարչապետին, իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ  «այս կոնկրետ փաստով դրսևորվել է Ռուսաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը նոր Հայաստանի նկատմամբ»։

Միջադեպի հետքերով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019 թ. հոկտեմբերի 29-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պարզելու՝ ինչ քայլեր են ձեռնարկվել միջադեպի կապակցությամբ, հարուցվել է արդյոք քրեական գործ, եթե այո՝ ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածով և ինչ փուլում է գործի քննությունը:

Գրասենյակը հարցման մեջ անդրադարձել էր նաև հանգամանքին, որ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություններն իրականացրել են ՀՀ տարածքում գտնվող գյուղում` առանց նախապես տեղեկացնելու ՀՀ իրավասու մարմիններին, ընդ որում՝ դրանք ուղեկցվել են կրակոցներով, պայթյունների բարձր ձայներով, ցնցումներով, ինչը բնակիչների շրջանում  առաջացրել է ոչ միայն խուճապահար վիճակ, այլև հանգեցրել  մեծահասակների ու  երեխաների ուշագնացության դեպքերի։

Պահպանելով տեղեկություն տրամադրելու՝ օրենքով սահմանված ժամկետները՝ Շիրակի մարզի դատախազությունից ՀՔԱՎ գրասենյակին պատասխանել էին, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից զենք և պայթուցիկ նյութեր օգտագործելու դեպքի առիթով նախապատրաստված նյութերը  «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ»  համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ ուղարկվել են ՌԴ իրավասու մարմիններին:

Չբավարարվելով  անորոշ ու ըստ էության ոչինչ չասող պատասխանով՝ ՀՔԱՎ գրասենյակը 2019-ի նոյեմբերի 21-ին դարձյալ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ տեղեկանալու, թե ՌԴ իրավասու մարմնին նյութերն ուղարկելուց հետո, դատախազությունն ինչ տեղեկություններ  ունի այդ գործի շրջանակներում իրականացված քայլերի և արդյունքների մասին:

2-րդ գրության պատասխանն ավելի քան ապշեցուցիչ էր.«ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրով չկա որևէ պարտավորվածություն՝ ընդունված որոշման մասին համաձայնագրի մյուս կողմին տեղեկացնելու»:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Back to top button
Close