Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Հաղթեցինք, Ռուզան Մանթաշյանը մասնակցելու է Օպերային պարահանդեսին. Հասմիկ Պապյան

Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային պարահանդեսին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

«Նա կերգի՝ կատարելով Տատյանայի արիան Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:

Սա հաղթանա՞կ է, կհարցնեն շատերը: Այո՛, անկասկած:

Բարձրաձայնելով խնդրի մասին, մենք միևնույն ժամանակ օգնեցինք գերմանացիներին վերանայելու և ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը և փրկելու իրենց դեմքը: Ի զարմանս ինձ՝ ոչ մի ձայն չլսվեց պաշտոնական Ադրբեջանից ի պաշտպանություն իրենց ազգակցի: Փոխարենը՝ բազմաթիվ հայեր դարձան «հարևան» երկրի երգչի ջերմեռանդ պաշտպանը:

Թվում էր, թե հայտնի երգչուհի Նետրեբկոյի թիկունքին առնվազն պետք է կանգնեին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Ռիկկարդո Մուտին կամ Դանիել Բարենբոյմը: Բայց ոչ, իրենց հարգող իրական արվեստագետները չեն իջնի բարձունքից: Երկար փնտրտուքներից հետո հաջողվեց գտնել միայն մեկին՝ հայազգի Սաթի Սպիվակովային, որն էլ իր պարտքը համարեց կոչ անել հայ ժողովրդին հանգստանալ և դադարել «զառանցել»…

Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սատարեցին: Ես ոչ մի ճանաչման, հերոսանալու կամ դափնիների կարիք չունեմ, փոխարենը օրեր շարունակ հետևողական լինելով խնդրի արդարացի հանգուցալուծմանը, ինձ համար հայնաբերեցի՝ մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների և անհաղորդ հայրենակիցների:

Սիրելիներ, իմ պատգամը վերաբերում է մասնավորապես երիտասարդներին՝ որտեղ էլ լինեք, պահպանեք ձեր ոգու ամրությունը, ամեն գնով պայքարեք հայի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այն ամեն ինչից վեր է…

Հաղթեցինք և հաղթելու ենք»,- գրել է Պապյանը:

Ավելին
Back to top button
Close