Նորություններ

Կոմանդոսը վերադառնում է Հանրային խորհուրդ

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը վերադառնում է Հանրային խորհուրդ:

Ինչպես հայտնի է՝ անցած տարվա դեկտեմբերին Հանրային Խորհրդի անդամ, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր Խորհրդում իր անդամակցությունը դադարեցնելու մտադրության մասին։

Այսօր՝ հունվարի 22-ին Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի խնդրանքով Արկադի Տեր-Թադևոսյանը այլ գործընկերների՝ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի և նույն հանձնաժողովի ենթահանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Օհանյանի հետ միասին հանդիպել և քննարկել են Հանրային խորհրդի առջև ծառացած խնդիրները և անելիքները, ինչպես նաև՝ կարծիքներ հայտնել ՀԽ նախագահի նախաձեռնած հանդիպումների շրջանակներում այլ գործընկերների հայտնած առաջարկների վերաբերյալ ու սեփական տեսլականը ներկայացրել Հանրային խորհրդի իսնտիտուցիոնալ կայացման ու ռազմավարության մշակվող փաստաթղթի շուրջ։

Այս մասին տեղեկանում ենք Հանրային խորհրդի ֆեյսբուքյան էջից։ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը շարադրել է այն մոտեցումները և հրատապ խնդիրների լուծման հրամայականը, որոնք կարող են իրեն հնարավորություն տալ իր բազմամյա մասնագիտական փորձառության ոլորտում՝ պաշտպանության բնագավառում, ավելի մեծ նպաստ բերել պաշտպանական քաղաքականությունների բարելավմանը, այդ բնագավառում և ՀԽ ինստիտուցիոնալ գործառնության պայմաններում Կառավարությանը փորձագիտական ու խորհրդատվական ծառայություններ մատուցելու գործում։

Գեներալի հետ հանդիպումից հետո Ստյոպա Սաֆարյանը և Վազգեն Սաֆարյանը շարունակել են քննարկումը Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող կամ քննարկվող հարցերի կապակցությամբ՝ ուրվագծելով 2020թ․ ընթացքում այդ հանձնաժողովի գործողությունների պլանը։

Back to top button
Close