Նորություններ

«Պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները պետք  է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունը հարյուր տոկոսով բացահայտվի»

ՀՀ Կառավարություն — Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին:

«Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները, եւ ես կարծում եմ, որ նրանք պետք  է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունը հարյուր տոկոսով բացահայտվի: Ասել եմ եւ ասում եմ, որ երաշխավորում եմ՝ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը եւ մնացած բոլոր գործերը մինչեւ ամենավերջին դետալը բացահայտվի»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ նախկին իշխանությունների ներկայացուցիչների այն  պնդումներին, թե ՀՀ կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գ. Կուտոյանի մահվան կապակցությամբ:

«Վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբը իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը: ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը եւ ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությանը, մասնակցել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին: Ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը: Իսկ ինչո՞ւ այդ նույն մարդիկ նույն հարցը չէին բարձրացնում, երբ որ Հայկ Հարությունյանի հետ կապված էր դեպք տեղի ունեցել: Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում, այդ պաշտոնյաները պաշտոնավարել են բավականին առնվազն վիճահարույց շրջաններում, եւ մենք պատշաճ, կարծում եմ, ինչ որ պետք է արվեր, արվել է: Անիմաստ եմ նույնիսկ համարում այդ քննարկումները»:

Back to top button
Close