Նորություններ

ՇՊՀ-ն միտումնավոր տանում են լուծարմա՞ն. տիրող իրավիճակի պատասխանատվության ողջ բեռը նախարարությունը բարդում է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի վրա

Սկիզբն՝ այստեղ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակի պատասխանատվության ողջ բեռը բարդում է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի վրա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ի պատասխան նախարարին ուղղված ԳԱԼԱ-ի հարցմանը, հիշեցնում է, որ հիմնադրամի կառավարման և բարձրագույն հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է:

Մեր այն հարցադրմանը, թե ինչպես է նախարարությունը գնահատում ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի 1,5 տարվա աշխատանքը, ինչպիսի՞ ազդակներ են ստացել նրա գործունեության վերաբերյալ, փոխնախարարը գրել է.

«ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարը նշանակվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից, նրա 1,5 տարվա գործունեությունը կարող է գնահատել հոգաբարձուների խորհուրդը: Անդրադառնալով ռեկտորի ընտրություններին՝ տեղեկացնում եմ, որ ՇՊՀ կանոնադրության 57-րդ կետի համաձայն՝ ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն: Ռեկտորի թափուր տեղի համար անցկացվելիք հաջորդ մրցույթի վերաբերյալ որոշման կայացումը ևս հոգաբարձուների խորհրդի իրավասությունն է»:

Հիշեցնենք, 2019 թվականին ՇՊՀ ռեկտորի երկու ընտրություններն էլ տապալվեցին: Նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ նախարարությունն արձագանքել է նաև մեր այն հարցադրմանը, թե Արայիկ Հարությունյանն ունի՞ արդյոք մտերիմ հարաբերություններ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի հետ: Հարցադրումը կապված էր այն հանգամանքի հետ, որ Սերոբյանը և նրա հետ բարեկամական կապերով կապված նեղ շրջանակներ Շիրակի պետական համալսարանում և համալսարանից դուրս լայնորեն քարոզում են տեղեկություններ, որ Սերոբյանը նախարարի մտերիմն է և վայելում է նրա հովանավորությունը, հետևաբար՝ իբրև անձեռնմխելի է:

«Նախարարը որևէ բարեկամական կամ մտերիմ կապ չունի ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի հետ»,- ասված է ԳԱԼԱ-ին ուղղված պատասխան նամակում:

Կա հարուցված քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախարարը չունի՞ մտահոգություն, որ Սերոբյանը իր վարքագծով կարող է վնաս հասցնել հեղափոխական արժեքներին և գաղափարախոսությանը: Այս հարցադրմանն ի պատասխան կրկին նախարարությունը սլաքներն ուղղում է դեպի բուհի հոգաբարձուների խորհրդի ուղղությամբ:

Իսկ ինչպե՞ս է նախարարությունը պատկերացնում ՇՊՀ-ի հետագա գործունեությունը, Գ. Թամրազյանը նշել է.

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է բարձրագույն կրթության ոլորտի մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված են համակարգի բովանդակային, կառուցվածքային, կառավարման, ֆինանսավորման և սոցիալական քաղաքականության բարելավման գործընթացներին: Արդյունավետ և կայուն զարգացման հեռանկար ունեցող բարձրագույն կրթական համակարգ ունենալու նպատակով քննարկվում են բուհերի օպտիմալ տեղաբաշխմանը, մասնագիտական ռեսուրսի կոնսոլիդացմանը և զարգացմանն առնչվող խնդիրները: ՇՊՀ հետագա գործունեության հարցը կքննարկվի վերոնշյալ բարեփոխումների համատեքստում: Նախարարության և ՇՊՀ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրության շրջանակներում՝ որպես կրթության ոլորտի քաղաքականության մշակող և հիմնադրամի լիազոր մարմին»:

ՇՊՀ-ում ուսանողադասախոսական անձնակազմն այն կարծիքին է, որ հենց նախարարությունն է հետևողականորեն գործընթացն ուղղորդում այնպես, որ Երվանդ Սերոբյանը ՇՊՀ-ն տանի լուծարման:

ՇՊՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի և հոգաբարձուների խորհրդի մյուս անդամների տեսակետը կներկայացնենք առաջիկայում:

Մինչ այդ նշենք, որ հարուցված քրեական գործի վերաբերյալ ԳԱԼԱ-ին ՀՀ Քննչական կոմիտեից փոխանցել են, որ ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը դեռևս չունի կարգավիճակ: Ինչ վերաբերում է գործը միտումնավոր ձգձգելու մտավախություններին, որոնք հայտնել են ՇՊՀ-ից, Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանն արձագանքել է.

«Քրեական գործով իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները: Քրեական գործի քննությունը միտումնավոր ձգձգելու մասին հայտարարություններն անտեղի են, քանի որ վարույթն իրականացնող մարմինը հարցումներ է ուղարկել գերատեսչություններ, որոնց պատասխանները դեռևս չեն ստացվել»:

Շարունակելի…

Արմենուհի Վարդանյան

Back to top button
Close