Նորություններ

«Հայտարարում էին, որ քավոր, սանիկ, խնամի, բարեկամ, ընկեր չկա. այդ ինչպե՞ս է, որ Արայիկ Հարությունյանի շիրակիմարզյան թևը հիմա ձգտում է պաշտոնների»

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեղադրանքի համաձայն՝ Սերոբյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը. ռեկտորի պաշտոնակատարը գրել է իրեն դասաժամեր, բայց լսարան չի մտել և բարձր աշխատավարձից զատ լրացուցիչ գումար է ստացել:

«7 ամիս առաջ կոնկրետ այս դեպքով կա հարուցված քրեական գործ: 7 ամիս է այն քննվում է մեր մարզային քննչական վարչությունում, բայց չգիտես ինչու՝ գործի վերջը չկա, միտումնավոր ձգձգում են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը:

2018 թվականի ապրիլյան զարգացումներից հետո Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Երվանդ Սերոբյանը: Թե ինչու հենց նա, այս հարցին ՇՊՀ-ում ունեն իրենց պատասխանը: Լայնորեն շրջանառվում են լուրեր, որ հեղափոխությունից հետո ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի ռեկտորի պաշտոնակատար դարձած Կարեն Պետրոսյանը մտերիմ հարաբերություններ ունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Իսկ Սերոբյանը Կարեն Պետրոսյանի քեռին է: Թե որ շրջանակներն են տարածում այլ լուրերը ՇՊՀ-ում, մնում է միայն ենթադրել:

ԳԱԼԱ-ն հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Նախարարությունից ի պատասխան հերքում են Հարությունյանի մտերիմ կապը վերոհիշյալ շրջանակների հետ:

«Նախարարը որևէ բարեկամական կամ մտերիմ կապ չունի ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի հետ»,- ասված է պատասխան նամակում:

«Պարզվում է՝ նոր Հայաստանում ոչ մի նոր բան տեղի չի ունեցել Շիրակի մարզում»,- իր հերթին արձանագրում է ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը և նշում, որ «ինչպես նախորդ՝ ՀՀԿ-ական Հայաստանում ՀՀԿ-ական բեսպրեդելշչիկները արտոնություններ ունեին, ինդուլգենցիա ունեին իրենց վերնախավի կողմից, այդպես էլ հիմա Շիրակի մարզում և մասնավորապես Շիրակի պետական համալսարանում»: Նրա պնդմամբ՝ կառավարման մեթոդներն այստեղ փոփոխության չեն ենթարկվել:

«Ես շատ վաղուց եմ գիտեցել, որ պարոն Սերոբյանն իր վրա գրանցել է կես դրույք և բացարձակ լսարան չի մտել: Դա վերաբերում է 2018-2019 թվականների ուսումնական տարվան: Երբ որ ասում ենք դասաժամեր, այստեղ պետք չէ միայն պատկերացնել լսարան մտնելու հանգամանքը: Դասաժամերի մեջ մտնում է նաև ուսանողների պրակտիկան: Ամբիոնի վարիչը բացահայտ ընդունել է, որ պրակտիկանտներին ինքն է տարել թիվ 11-րդ դպրոց, ինքն է զբաղվել պրակտիկայի հարցերով: Նա է զբաղվել նաև կուրսային աշխատանքներով:

Ինչպես ասում են, ախորժակը գալիս է ուտելու ժամանակ: Պարոն Սերոբյանը ոչինչ չանելու դիմաց ամսական վարձատրվել է 90.000 դրամով: Եթե հաշվենք նաև արձակուրդայինի վճարները, դա կազմում է մեկ միլիոն դրամ: Սա պաշտոնեական դիրքի ոչ միայն չարաշահում է, այստեղ նաև պաշտոնական կեղծիք կա, որովհետև պարոն Սերոբյանը նաև չի վերցրել քննությունները համապատասխան կուրսերում: Քննությունները վերցրել է ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի վարիչ Վարդան Մանուկյանը: Ինքը, սակայն, իրավունք չունի քննություն վերցնելու: Եթե համապատասխան ընթացակարգով և համապատասխան զեկուցագրերի հիման վրա քննության հասցեատերը չի փոփոխվել, իսկ հասցեատերը փոփոխված չէ, քննությունը վերցրել է Մանուկյան Վարդանը: Սևագիր քննական անդորրագրերի վրա ինքն է գնահատականները լրացրել, իսկ արդեն մաքրագրված անդորրագրերի վրա, չգիտես ինչու, ստորագրել է Սերոբյանը: Սա պաշտոնական կեղծիք է, երբ որ այլ մարդ քննություն է վերցնում, այլ մարդ՝ ստորագրում: Ինչպես նաև կա բուհին հասցված խոշոր ֆինանսական վնաս»,- նշում է Գագիկ Համբարյանը:

Նա նաև հիշեցնում է, որ Երվանդ Սերոբյանը չի համապատասխանում ռեկտորի պաշտոնին:

«Ինքն իրավունք չուներ այդ պաշտոնը զբաղեցնելու, որովհետև եթե մենք վերցնենք ՇՊՀ կանոնադրությունը և ռեկտորին հասցեագրված պահանջները, ապա Սերոբյանը 5 տարվա ադմինիստրատիվ ստաժ չունի: Նա պարոն Մինասյանի բերած կադրն է, մինչ այդ ինքը բուհի հետ շատ թույլ առնչություն է ունեցել, ինքը դոկտոր-պրոֆեսոր չէ, այլ ընդամենը գիտությունների թեկնածու է: Եթե մեր հոգաբարձուների խորհրդի կազմը մի փոքր ինքնասիրություն ունենար, երկու անգամ ռեկտորի ընտրությունը տապալելուց հետո կհայտներ ինքնալուծարման մասին, բայց քանի իրենք չեն ինքնալուծարվում, ես էլ իրավունք ունեմ ենթադրելու, որ իրենք իշխանությունների պատվերն են կատարում, որպեսզի այդ անձը ԺՊ-ի կարգավիճակում մնա Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում և շարունակի քանդել բուհը»:

Նշենք, որ Շիրակի պետական համալսարանի անձնակազմը պատահական չի համարում Արայիկ Հարությունյանի այն մեսիջը, որ եթե իրավիճակը չկարգավորվի ՇՊՀ-ում, կդնեն բուհի լուծարման կամ միավորման հարցը:

«Ինքը ավելի լավ կլինի, որ իր դրածոյին այստեղից մաքրի, քանի որ իր դրածոն է խառնում ամեն ինչ: Այդ ժամանակ նոր բուհի ներքին իրավիճակը կկարգավորվի: Հայտարարում էին, որ քավոր, սանիկ, խնամի, բարեկամ, ընկեր չկա. բա այդ ինչպե՞ս է, որ Արայիկ Հարությունյանի շիրակիմարզյան թևը հիմա ձգտում է պաշտոնների կամ պաշտոններ է զբաղեցնում՝ բավական խոշոր հիմնարկներում: Ինձ համար Շիրակի պետական համալսարանը մեր երկրի մանրակերտն է: ՇՊՀ-ում այդ հին բարքերն ու վարքերն են, հին քաղաքականությունն է վարվում»,- ասում է Գագիկ Համբարյանը:

Հիշեցնենք նաեւ, որ օրերս Երվանդ Սերոբյանի որդին՝ Ժորժիկ Սերոբյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ նշանակվեց «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն: Մինչ նշանակումն էլ շրջանառվում էին խոսակցություններ, որ հիվանդանոցի տնօրեն դառնալու է մարզպետի թիմակիցը:

Հավելենք, որ ԳԱԼԱ-ն կհրապարակի նաև Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված հարցման պատասխանները:

Շարունակելի…

Արմենուհի Վարդանյան

 

Back to top button
Close