Նորություններ

Հաջորդ տարի ավելի մասշտաբային են լինելու պետական ծախսերը՝ Ամանորի հետ կապված. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ամանորյա պետական ծախսերին: Նա նշել է, որ հարցը շատ կարեւոր հայեցակարգային նշանակություն ունի:

«Հիշում եք, որ նոր տարուց առաջ կառավարությունը որոշում կայացրեց 271 միլիոն դրամ հատկացնել Երեւանի քաղաքապետարանին, որպեսզի Հանրապետության հրապարակի ամանորյա միջոցառումները կազմակերպվեն նոր տրամաբանությամբ եւ նոր թափով, և ընդհանուր առմամբ այսս մասով կառավարությունը նոր քաղաքականություն է որդեգրել: Երբ որ այդ գումարը տրամադրվում էր, շատ քննադատություններ հնչեցին, թե ինչքանով է դա նպատակահարմար, ինչքանով է էֆեկտիվ այդպիսի գումարներ հատկացնել»:

Վարչապետը նշեց, որ այսօր այդ հարցին կանդրադառնա՝ արդյունքների վրա հիմնվելով:

Փաշինյանի խոսքերով՝ նման խոշոր գումար հատկացնելով նպատակ են ունեցել զբոսաշրջային հոսք ապահովել, որպեսզի քաղաքացիների համար մայրաքաղաքում Նոր տարին նշելն ավելի գրավիչ լիներ:

«Դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք ունեցել ենք 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառություն»:

Վարչապետը պարզաբանեց, որ 9 միլիարդից 4 միլիարդ դրամի շրջանառություն տեղի է ունեցել ՀՀ մարզերում:

Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել են, որ 9 միլիարդ դրամից գեներացվելու է շուրջ 325 միլիոն դրամի հարկ:

«Այսինքն, այն գումարը, որ մենք դեկտեմբերին ծախսեցինք, այդ գումարն առնվազն կրկին վերադառնալու է պետական բյուջե եւ մի բան էլ ավելի»,- ասել է վարչապետը:

Հաջորդ տարի ավելի մասշտաբային են լինելու ծախսերը՝ Ամանորի հետ կապված, որպեսզի ավելի շատ հարկեր գեներացվեն, ընդգծել է Փաշինյանը:

Back to top button