Նորություններ

Թուրք դատավորը պատժվել է՝ Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվողին արդարացնելու պատճառով

Թուրքիայի Դատավորների և դատախազների խորհուրդը (HSK) պատժել է Էրզրումի դատավորին՝ «հանրապետության նախագահին» վիրավորելու մեջ մեղադրվող կասկածյալին արդարացնելու համար։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Այդըն Բաշարը եղել է Բալըքեսիրի դատավորը։ Այժմ HSK-ն որպես պատիժ պարտավորեցրել է Բաշարին տեղափոխվել այլ նահանգ։ 

Թուրք դատավորը սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացրել է, որ նշանակված պատժի դեմ իր ներկայացրած բողոքները մերժվել են։ Իր դեմ իրականացված հետաքննության ընթացքում Դատավորների և դատախազների խորհրդին ուղղած նամակում Բաշարը գրել է․

«Դուք դատական համակարգն ազատագրեցիք ֆեթհուլլահական համայնքից (FETÖ), բայց այն հանձնեցիք վախի համայնքին։ Այս մասնագիտության ներկայացուցիչներն արդեն վախենում են որևէ տեսակետ հայտնել անգամ իրենց մասնագիտության շրջանակներում։ Ձեր կարծիքով մենք ի՞նչ ենք՝ վտանգավո՞ր մարդիկ ենք, թշնամի՞ ենք»։

Բաշարն իր նամակում նաև ընդգծել է, որ նշված գործով որոշում է կայացնելիս խղճով է առաջնորդվել և շեշտել, որ այդ որոշումը, փաստորեն, ինչ-որ չափով հակասել է «վերևների» անձնական շահերին, ինչի պատճառով էլ իր դեմ իրավական հետապնդում է սկսվել:

ermenihaber.am

Back to top button
Close