Նորություններ

Ծեծված փոխգնդապետը շարունակում է մնալ անգիտակից. առողջական վիճակում որեւէ փոփոխություն չի արձանագրվել. Փաստինֆո

Դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ փոխգնդապետը 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ, տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել է շտապ վիրահատության: «Մուրացան» հոսպիտալում նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։

2019թ.-ի նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Արա Մխիթարյանի առողջական վիճակում որոշ դրական փոփոխություն էր նկատվել, սակայն սպան շարունակում է մնալ կոմայի մեջ։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ պաշտոնական հաղորդագրության` մեղադրանք է առաջադրվել մարզպետի օգնականին, թեեւ մամուլի տեղեկություններով`փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ մարզպետը: Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հերքում էր իր մասնակցությունը միջադեպին, սակայն զորավարժություններից հետո հրաժարական տվեց, իսկ նրա փոխարեն մարզպետ է նշանակվել օգնական պաշտպանը։

Փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը համոզմամբ՝ դեպքն ու նրա մասնակիցները ամբողջությամբ չեն բացահայտվում Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի խնդրանքով։

«Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում: Նախ պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինձ խոստացել էր, որ կբացահայտվեն դեպքին մասնակից բոլոր անձինք եւ կենթարկվեն քրեական ամենախիստ պատասխանատվության, սակայն դա մինչեւ օրս տեղի չի ունենում»,- նախօրեին հղված փաց նամակում գրել է Ս.Մխիթարյանն ու արձանագրել. «Եթե այս դեպքը տեղի ունեցած լիներ որեւէ պաշտոնատար անձի որդու հետ, որ այս դեպքը տեղի ունեցած լիներ դատախազների, վարչապետի կամ ոստիկանապետի որդու հետ, նույն կե՞րպ էր քննություն կատարվելու, նույն կերպ էին գործից մարզպետն ու լնգու-լավազները մաքրվելու, թե դրանք վաղուց փռված էին լինելու ասֆալտին: Իհարկե ոչ, եւ սա բոլորին է պարզ, ուղղակի այս գործով չեն ցանկանում բացահայտել, չունեն բացահայտելու կոնկրետ հրահանգ եւ դրա համար էլ այս վիճակն է»:

Փոխգնդապետի հայրը դիմել էր պատասխանատու բոլոր պետական պաշտոնյաներին, ՀՀ գլխավոր դատախազին, քննիչներին, վարչապետին, պաշտպանության նախարարին՝ խնդրելով իրեն չդարձնել հանցագործ։ «Արեք ամեն ինչ, որ դեպքն ամբողջությամբ բացահայտվի, որ բոլոր մեղավոր անձինք պատասխանատվության կանչվեն, որ չփորձեն Զավեն Գրիգորյանին կամ մյուսներին հանեն այս գործից և արդարացնեն, քանի որ ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է»,- գրել է նա նամակում:

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close