ՄիջազգայինՆորություններ

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ․ «Կհարվածենք ցանկացած երկրի, որի տարածքում մեր դեմ դավեր կնյութվեն»

Իրանը պատրաստ է ռազմական հարված հասցնել ցանկացած երկրի, ներառյալ՝ բարեկամ պետություն Իրաքը, եթե այդ երկրի տարածքը ծառայեցվում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ դավադրության կազմակերպմանը։ Նման հայտարարությամբ հունվարի 20-ին հանդես է եկել Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին։

Այդ կերպ Իրանի ԱԳՆ պատասխանել է Իրաքի՝ ՄԱԿ-ին ուղղված բողոքին՝ ընդդեմ Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների հրթիռակոծության։

Մուսավին պնդել է, որ Իրանը նախապես տեղեկացրել էր Իրաքին՝ հրթիռակոծության վերաբերյալ, ուստի իրականում Իրաքը դեռ պետք է բացատրություն տա, թե ինչու է բողոք ներկայացրել ՄԱԿ-ին։ «Ինչպես ավելի վաղ հայտարարել ենք՝ մենք կհալածենք ցանկացած տարածք, որը կօգտագործվի Իրանի դեմ դավադրության համար», հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ Թեհրանի կողմից ռմբակոծված Իրաքի արևմտյան «Այն ալ-Ասադ» ռազմաբազան օգտագործվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության ժամանակ։

Հիշեցնենք, որ իրանցի անվանի գեներալ Ղասեմ Սոլեյմանին զոհվել է հունվարի 3-ի գիշերը՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի՝ ԱՄՆ-ի կողմից ռմբակոծության հետևանքով։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նույն օրը հրահանգեց խիստ պատասխան տալ ԱՄՆ-ին՝ Սոլեյմանիի սպանության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին սպառնաց հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող 52 օբյեկտների, եթե Իրանը որոշի պատասխան գործողություն իրականացնել ԱՄՆ-ի դեմ։ Հունվարի 8-ին Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում տեղակայված երկու ամերիկյան ռազմաբազաներին, բայց Թրամփը որոշեց պատասխան հարձակում չիրականացնել՝ հաշվի առնելով, որ Թեհրանի հարվածներից ամերիկյան կողմը առանձնապես լուրջ վնաս չի կրել։

regionmonitor.com

Back to top button
Close