Նորություններ

«Շատ ներդրողներ իրենց գլխավոր խնդիրներից մեկը համարում են վարչապետին անձամբ հանդիպելը և անձամբ երաշխիքներ ստանալը». Բաբկեն Թունյան

«Հիմա մենք գտնվում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկային փուլում»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքերով՝ տնտեսական հեղափոխության ամենակարևոր նախադրյալներից մեկը կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարն է. «Այսօր որևէ գործարարի որևէ պետական կառույց արհեստականորեն չի խոչընդոտի»,- նշեց նա:

Թունյանը տեղեկացրեց՝ շատ ներդրողներ իրենց գլխավոր խնդիրներից մեկը համարում են վարչապետին անձամբ հանդիպելը և անձամբ երաշխիքներ ստանալը, որ իրենց որևէ մեկը չի խոչընդոտի, քանի որ իրենց մոտ նախկինից մտավախությունները դեռ կան:

«Ամենախոշոր ներդրումային ծրագիրը ՋէԿ-ի կառուցումն է»,- նշեց Թունյանը:

Թունյանը նշեց՝ անգամ իրենց են շատ ներդրումային ծրագրերով դիմում, հետաքրքրվում են՝ ինչ կարելի է անել:

Անդրադառնալով պետական համակարգի օպտիմալացմանը և դրա հետևանքով գործազուրկ դարձող քաղաքացիներին՝ Թունյանը նշեց՝ ոչ մի քայլ ինքնանպատակ չի կարելի անել.

«Կան աշխատողներ, որոնք, ըստ էության, գործ չեն անում, որովհետև այդ հաստիքներն անօգուտ են եղել, օրինակ, մարզպետի տեղակալներ, սրա համար կատեգորիկ քայլերի գնալուց առաջ պետք է հաշվարկել օգուտն ու վնասը»:

Թունյանը նշեց՝ նպատակը պետական կառավարման համակարգն արդյունավետ դարձնելն է:

Թունյանն անդրադարձավ նաև հարկային օրենսգրքի փոփոխություններին, մասնավորապես մեր այն դիտարկմանը, թե գազավորված ըմպելիքների շուկայի շահառուներն ահազանգում են, որ ակցիզային հարկի ներդրման պարագայում լուրջ խնդիրների առաջ են կանգնելու, նշեց.

«Հիմնականում այդ փոփոխություններից դժգոհում են ցածր գնային սեգմենտում աշխատողները, որովհետև ֆիքսված ավելացում է լինելու, օրինակ 100 դրամանոց խմիչքի դեպքում սպասվում է 30 տոկոսանոց թանկացում, այս դժվարությունները հաղթահարելու ճանապարհ պետք է գտնել, ես հասկանում եմ թե՛ գործադիրի, թե՛ գործարարների մոտեցումները, ես չեմ բացառում, որ մինչև վերջնական տարբերակով հաստատվի, հնարավոր է այդ դրույթը դուրս գա»:

Back to top button
Close