Նորություններ

ՀՀ Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը մարզի որոշ դպրոցների նկատմամբ հարուցած վարչական վարույթի վերաբերյալ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից տեղեկանում ենք, որ ջեռուցման ապահովման նորմերի խախտումները պարզելու նպատակով Երևանի եւ Կոտայքի մարզի 11 դպրոցի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։

Վերջիններիս հիմքում ԱԱՏՄ-ին հասցեագրված բողոքներն են և մամուլի հրապարակումները, ինչպես նաև՝ հունվարի 8-14-ը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված տեղեկատվությունը։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ մարզպետարանի ենթակայության (բացի Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցից) հաղորդագրության մեջ նշված դպրոցներում կենտրոնացված ջեռուցման համակարգեր չկան, դպրոցներում ջեռուցումն իրականացվում է գազի, փայտի կամ էլեկտրական վառարաններով, ինչը փաստացի, անհնար է դարձնում դպրոցներում ամբողջական և համաչափ ջերմաստիճանի ապահավումը։

Այդուհանդերձ, մարզպետարանի համապատասխան վարչության ներկայացուցիչներն ու անձամբ մարզպետը, պարբերաբար անակնկալ ստուգայցեր են իրականացնում դպրոցներ՝ իրավիճակին ծանոթանալու և այն վերահսկելու նպատակով։

Ներկայացնում ենք կարճ տեղեկանք նշված դպրոցներում տիրող իրավիճակի մասին․

-Կապուտան

Կապուտանի միջնակարգ դպրոցը ջեռուցվում է գազի վառարանով, դպրոցի շենքը վթարային է և ներառված է Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ՀՀ Կառավարության սեյսմակայունության բարձրացման ծրագրում, որի շրջանակներում առաջիկա տարիներին կկառուցվի նոր դպրոց

-Կամարիս

Կամարիսի դպրոցում ևս տեղադրված է գազի վառարան, դպրոցի շենքը վթարային է, նոր դպրոցի կառուցման նպատակով այժմ պետ.գերատեսչությունների և համայնքի ղեկավարի հետ բանակցություններ են ընթանում

-Ջրառատ

Ջրառատի դպրոցում ջեռուցումն ապահովվում է փայտե վառարանով, այս տարի պետ.բյուջեով այստեղ նախատեսվում է կառուցել նոր դպրոց

Փյունիկի, ֆանտանի, Արտավազի, Գետամեջի դպրոցները ջեռուցվում են փայտե վառարանով։ ֆինանսական վերաբաշխման շնորհիվ ջեռուցման կենտրոնացված համակարգերի տեղադրման նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտվել են, եւ մեկ-երկու շաբաթից կմեկնարկեն ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներըՎստահեցնում ենք՝ մարզային ենթակայության բացառապես բոլոր հանրակրթական հաստատություններում առկա է ջերմային նվազագույն եւ պատշաճ շեմ, որի ապահովումը գտնվում է մեր ամենօրյա հսկողության ներքո։

Հարգանքով՝

ՀՀ Կոտայքի մարզպետարան

 

Back to top button
Close