Նորություններ

Շիրակի մարզպետը հաստատեց՝ իր կողմից նշանակված տնօրենը թիմակիցն է, բայց շահերի բախում չի տեսնում

Լարվածությունը, որը ստեղծվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» տնօրենի պաշտոնի շուրջ, չի հանդարտվում:

Հիշեցնենք՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ հիվանդանոցի տնօրեն նշանակվեց թիմակիցը՝ Ժորժիկ Սերոբյանը:

Հիվանդանոցը երկար տարիներ ղեկավարած Աշոտ Կուրղինյանը հայտարարեց՝ տեղի է ունեցել հովանավորչություն, և հունվարի 14-ին կայացած մրցույթը ձևական բնույթ է կրել, քանի որ արդեն իսկ մարզպետի և նրա թիմակից նեղ խմբակի կողմից եղել է կանխակալ մոտեցում:

Այսօր մարզպետի հակափաստարկները լսելու համար Կուրղինյանը եկել էր մամուլի ասուլիսին մասնակցելու: Պետրոսյանը, սակայն, թույլ չտվեց: «Բրիֆինգ է լինելու, որին հրավիրված են լրագրողները, այլ ոչ թե շոու»,- ասաց նա:

«Քիչ եմ անդրադառնալու մարդկանց, խոսելու եմ երևույթների մասին»,- ասուլիսի սկզբում նշեց Տիգրան Պետրոսյանը: Նա չհերքեց՝ Սերոբյանն իր նախընտրական շտաբում ակտիվ դերակատարություն է ունեցել: Այո, իր ընկերոջ քեռու որդին է: Եվ չնայած սրան, համաձայն չէ, որ նշանակումը խնդրահարույց է, որ կա շահերի բախում կամ պաշտոնական դիրքի չարաշահում:

Երեկ հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը, այսօր էլ Շիրակի մարզպետը տվեցին հովանավորչություն կոչվող երևույթի սահմանումը… Հովանավորչությունն այն է, երբ պաշտոնի է նշանակվում մեկը, ում մասնագիտական հմտությունները հաշվի չեն առնվել: Այս միտքը Տիգրան Պետրոսյանը կրկնեց մի քանի անգամ, երբ լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ հենց Ժորժիկ Սերոբյանը, արդյոք թիմակից ընկերների կողմից իր վրա ճնշում չի եղել, որ հենց Սերոբյանն է նշանակվել տնօրենի պաշտոնում, թե՞ որպես երախտագիտության դրսևորում է եղել այս նշանակումը՝ սեփական նախընտրական շրջանում ակտիվ աշխատանքի համար:

Մարզպետն ասաց՝ Առողջապահության նախարարության կողմից 2018-2019թթ. իրականացված ուսումնասիրություններն են իրեն մտահոգել: Եղան նաև դիտարկումներ, որ իր նշանակած կադրի՝ Սերոբյանի եւ մյուս հիվանդանոցների վերաբերյալ էլ կան կոռուպցիոն ռիսկի հետ կապված մտահոգություններ, որոնց մասին խոսեց նաև հիվանդանոցի նախկին տնօրենը: Պետրոսյանն ասաց՝ կոռուպցիան հաղթահարել ենք ուղղահայաց հարթության մեջ: Իսկ Սերոբյանին նշանակել է՝ մարզի լավագույն շահը հաշվի առնելու սկզբունքով:

Ուշագրավ է, որ Շիրակի մարզպետը հղում է անում ՀՀ առողջապահության նախարարության ուսումնասիրությանը, ասում, թե ինքը մտահոգ է հիվանդանոցում առկա խնդիրների վերաբերյալ, այն դեպքում, երբ Թորոսյանն անուղղակի, հետո նաև ուղղակի կերպով հայտարարել է, որ գոհ է Կուրղինյանի աշխատանքից:

Շիրակի մարզպետն Արսեն Թորոսյանի՝ հօգուտ Կուրղինյանի արված հայտարարությունը համարում է միջամտություն: Ակնարկեց՝ եթե նախարարը գոհ է, դա չի նշանակում, որ մարզպետը պիտի կատարի նրա ցանկությունը:

Բացի Թորոսյանից, էլ ո՞ւմից է փորձել խորհուրդ հարցնել Տիգրան Պետրոսյանն իշխող ուժի ներկայացուցիչներից՝ իր մտերիմին նշանակելուց առաջ:

Այս հարցին Պետրոսյանը գերադասեց չպատասխանել:

Հստակ չէր տեսակետը նաև ԳԱԼԱ-ի այն հարցի վերաբերյալ, թե չի՞ կարծում, որ նեղ խմբակի կողմից ծանոթ-բարեկամներին մարզային կառույցներում տեղավորելով՝ շատ կոնկրետ վնաս են տալիս հեղափոխությանը, հեղափոխական արժեքներին:

Ֆիքսեք մեկ ազգականի կամ ընկերների, որոնց ես նշանակել եմ, ասաց նա:

Հիշատակեցինք ևս մեկ հիվանդանոցի մասին, որտեղ կրկին Կարեն Պետրոսյանի կապերն են դեր ունեցել: Հիշեցրինք նաև «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի նշանակման մասին, որտեղ տարածված տեղեկությունների համաձայն՝ նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի միջամտությունն է եղել: Սա արդյոք չի նշանակում, որ Շիրակի մարզպետն իր տեղում չէ և, այսպես ասած, ենթակա իրեն շրջապատողներին: Պետրոսյանը նշեց՝ իր թիմակիցները կարող են խորհրդատվական կարծիք հայտնել, բայց վերջնական պատասխանատու որոշումն ինքն է կայացնում:

Հիշեցրեց հանրային խորհրդատուների ինստիտուտ ունենալու մասին, որում որպես խորհրդատու ներգրավված է եղել նաև Ժորժիկ Սերոբյանը:

Իսկ ի՞նչ է անելու արդեն նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը, ով մարզպետարանի դիմաց էր՝ հիվանդանոցի աշխատակիցների հետ միասին: Այն, որ հանգիստ չի նստելու, դա հաստատ է, ասաց նա:

Back to top button
Close