Նորություններ

«Եթե Գյումրիում կրկնվի Սպիտակի երկրաշարժը, հետևանքները շատ աննշան կլինեն. մեր մտահոգությունների օբյեկտը Երեւանն է»

«Լոռու մարզի Սպիտակ քաղաքի օջախային գոտին սկսել է թույլ ակտիվանալ, սակայն դա վտանգ չի ներկայացնում: Կարող են լինել 5-6 ուժգնությամբ երկրաշարժեր, բայց դրանք ծանր հետևանքներ չեն կարող թողնել շրջակա միջավայրի վրա»:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտոր, երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանը՝ անդրադառնալով այսօր՝ հունվարի 18-ին, Աշոցքի շրջանում տեղի ունեցած ավելի քան երկու տասնյակ ստորգետնյա ցնցումներին:

Հարցին, թե կարո՞ղ են պարբերաբար կրկնվող այս թույլ ցնցումները նվազեցնել ուժգին երկրաշարժի հավանականությունը, Սերգեյ Նազարեթյանը պատասխանեց.

«Այս ցնցումները հետերկրաշարժյան օրինաչափ երևույթներ են և կլինեն այնքան ժամանակ, մինչև օջախային գոտին ամբողջությամբ լիցքաթափվի, իսկ դա կտևի մոտ 80-100 տարի: Ուժեղ երկրաշարժ չի լինի, իսկ թույլ ցնցումները ոչ մի վտանգ չեն ներկայացնում՝ թող լինեն»:

Անդրադառնալով Գյումրու բարձրահարկ շենքերին՝ Սերգեյ Նազարեթյանը նշեց. «Գյումրիում  բարձրահարկ շենքեր գրեթե չկան. որոշ շենքեր 1988 թվականի երկրաշարժին փլվեցին, իսկ մի քանիսն էլ այնքան էին թուլացել, որ ապամոնտաժվեցին: Այժմ  Բուլվարային թաղամասում կան մի քանի խոշորապանելային շենքեր, որոնք շատ լավ դիմացել էին երկրաշարժին և ստացել առավելագույնը 1-ին կամ 2-րդ աստիճանի վնասվածք: Այդ շենքերն առաջին իսկ օրվանից ուսումնասիրվել են, և վստահ կարող եմ ասել, որ վթարայնություն չունեն: Ուստի, Գյումրի քաղաքը բացառիկ է բարձրահարկ շենքերի վտանգի նվազ լինելու տեսանկյունից»:

«Այո՛, միանշանակ կարող եմ ասել՝ եթե Գյումրիում կրկնվի Սպիտակի երկրաշարժը, հետևանքները շատ աննշան կլինեն, քանի որ նոր կառուցված, ինչպես նաև ամրացված շենքերը մինչև 9 բալի հաշվարկով են և շատ ամուր»,-ավելացրեց փորձագետը:

Սերգեյ Նազարեթյանի խոսքերով՝ իրենց մտահոգությունների օբյեկտը Երևանն է. «Մայրաքաղաքում խոցելի շենքերի թիվը բավականին շատ է: Մեծ միջոցներ և ժամանակ է պահանջվում, որպեսզի Երևանում հասնենք բարձր անվտանգության մակարդակի: Կամ պետք է շենքերը քանդվեն և նորերը կառուցվեն, կամ էլ եղածներն ամրացվեն, իսկ այս ամենն իրականացնելու համար և՛ մեծ գումարներ են պետք, և՛ շատ ժամանակ»:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին, ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 4-5 բալ: Երկրաշարժին հետևել էր 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 մագնիտուդ ուժգնությամբ։

Back to top button
Close