Նորություններ

«Գեորգի Կուտոյանն իր տեսակով ո՛չ Հայկ Հարությունյան էր, ո՛չ Աշոտ Կարապետյան, ո՛չ էլ Վովա Գասպարյան, բայց նա ի պաշտոնե ունեցել է տարբեր ինֆորմացիաներ»

«Մահվան երեք դեպքերն էլ տեղի են ունեցել կասկածելի պայմաններում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի և 2 այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանի մահվան հանգամանքների վերաբերյալ հարցին:

Նինա Կարապետյանց

«Անկեղծորեն ես պատրաստ չեմ հավատալ, որ դա ինքնասպանություն էր կամ պատահականություն էր Աշոտ Կարապետյանի դեպքում. դա ինձ համար համոզիչ չի լինի, որովհետև այդ մարդիկ իրականում շատ մեծ ինֆորմացիայի կրող էին, ու դա գիտեին բոլորը, և իրենց խոսելու դեպքում մեծ խնդիրներ կունենար նախկին հանցավոր ռեժիմը: Այսինքն՝ բոլոր հիմքերը կան կասկածելու, որ նրանց մահը կարող էր ոչ պատահական լինել»,- նշեց Նինա Կարապետյանցը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե Գեորգի Կուտոյանի մահն ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել, որովհետև եթե Հայկ Հարությունյանը և Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ունեին, ապա Կուտոյանը որևէ գործով երբևէ չի հարցաքննվել, իրավապաշտպանը պատասխանեց. «Գեորգի Կուտոյանն իր տեսակով ո՛չ Հայկ Հարությունյան էր, ո՛չ Աշոտ Կարապետյան, ո՛չ էլ Վովա Գասպարյան: Կուտոյանն ինտելիգենտ տղա էր, բայց նա որոշակի ժամանակ եղել է ԱԱԾ պետ, տևական ժամանակ աշխատել է նախորդ իշխանության ռեժիմի ներքո և տարբեր հարցերի մեջ: Մենք չենք կարող ասել՝ ինչ փաստական տվյալների էր տիրապետում Կուտոյանը: Սկսած կաշառքներ վերցնել-տալ կամ ինչ-որ բան պարտադրել անելու, զանգերով հարցեր լուծելուց մինչև Հոկտեմբերի 27, Մարտի 1. բոլոր այս գործերն էական նշանակություն ունեն, և Կուտոյանն այս դեպքերի հետ կապված նշանակություն ունեցող տեղեկատվություն ունեցող էր: Էական դերակատարություն ունեցող մարդ էր, ինքն ի պաշտոնե ունեցել է տարբեր ինֆորմացիաներ»:

«Երեք մահերը մեկը մյուսի հետ գուցե և կապ չունենան, բայց դա մի տրամաբանություն ունի՝ վերացնել բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են ինչ-որ բան իմանալ կամ խոսել»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Նինա Կարապետյանցը վերջերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով. «Ամենավատ կանխատեսումներն իրականանում են…. Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ Հայկ Հարությունյանը վերջին «զոհը» չի լինելու»:

Ի՞նչ նկատի ուներ Կարապետյանցը, և արդյոք կա մտավախություն, որ մահերը կլինեն շարունակական: Իրավապաշտպանը նշեց. «Ես բոլորովին չէի ուզենա, որ այդպիսի կանխատեսում նորից անեի, բայց, այո՛, ես կարծում եմ, որ նորից կշարունակվեն մահերը բոլոր այն մարդկանց, ովքեր իսկապես էական ինչ-որ ինֆորմացիա ունեն տեղի ունեցող իրադարձությունների մասով, և դրանից երաշխավորված չէ նախկին հանցավոր ռեժիմի կազմում եղած որևէ մեկը, և ես ավելի քան համոզված եմ, որ հանցավոր ռեժիմն իրենց ներսից մաքրում է նրանց, ում չի վստահում և կասկածում է, որ ինֆորմացիան դուրս կգնա: Այդ ձևով նրանք մաքրում են բոլոր հանցանքի բացահայտման հետքերը»:

ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մահվան փաստերն առաջին հերթին մտահոգվելու առիթ պետք է տան հենց գործող իշխանությանը՝ դրանց բացահայտման և հանգամանքները պարզելու ուղղությամբ, Կարապետյանցն արձագանքեց. «Սպանությունները, իհարկե, պետք է բացահայտվեն, բայց հիմա ամբողջ խնդիրն ինչո՞ւմն է. ո՞վ պիտի բացահայտի. պիտի բացահայտեն այն կառույցները, որոնց հանդեպ ի սկզբանե վստահություն չի եղել, որտեղ ոչ մի փոփոխություն չի եղել հեղափոխություն կոչված իրադարձությունից հետո: Այսինքն, մենք ո՞ւմ ենք վստահում բացահայտումը, այն կառույցներին, որ տարիներ շարունակ կեղծել ու կոծկել են տարբեր տեսակի հանցագործություններ: Ես 0 վստահություն ունեմ, որ այս գործերը կբացահայտվեն»:

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

2019թ. սեպտեմբերի 23-ին Բջնիում իր առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Մոտ 2 ամիս անց՝ նոյեմբերի 28-ին, Պյատիգորսկում մասնավոր գարեջրի գործարանում գազի պայթյունի և փլուզման հետևանքով մահացել էր մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը:

 

             Անահիտ Չալիկյան

Back to top button
Close