Նորություններ

«Գազի գնի բարձրացումն ուղղակիորեն ազդելու է էլեկտրաէներգիայի, ապրանքների և ծառայությունների գների վրա»

Հավանականությունը, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի թանկացման հայտ կներկայացնի, մեծ է: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրուցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 2017 թվականի հունվարի 1-ից 15 դոլարով նվազեցրել էր գազի սակագինը: Այնուհետև, 2019 թվականի հունվարի 1-ից գազի գինը սահմանի վրա բարձրացել էր, և արդյունքում, այս պահին գործող մեթոդաբանության համաձայն, այն մոտ 30 դոլարի չափով ունի բացասական արդյունք:

2017 թվականից սկսած՝ այս պարտքը կուտակվում է, իսկ 2019 թվականի հունվարից կուտակվող պարտքը կկազմի ավելի քան 30 մլն դոլար: Մենք ունենք իրավիճակ՝ կառավարությունը խոստացել է, որ մինչև ապրիլի 1-ը գազի սակագինը չի բարձրանալու, բայց դա, ըստ էության, հարցի լուծում չէ, քանի որ մենք այս ընթացքում պարտք ենք կուտակում, և բիզնեսի համար շատ կարևոր է, որ նրանք ոչ թե երեք ամսվա, այլ նվազագույնը մեկ տարվա կանխատեսելի գազի սակագին ունենան, որ այդ թիվն իրենց բիզնես հաշվարկներում ներառեն, իսկ հիմա չգիտեն, թե ինչպես կազմել ծախսային ծրագիրը: Այս առումով մենք խնդիր ունենք»,- նշեց Սուրեն Պարսյանը:

Սուրեն Պարսյան

Տնտեսագետի պնդմամբ՝ այս տարի նույնպես պարտքեր են կուտակվելու, և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի կարողանալու իր խնայողությունների հաշվին այդ պարտքը մարել:

«Պարտքը մարելու աղբյուրները երկուսն են՝ գազի սակագնի վերանայումը, ինչը շատ հավանական է, և պետական սուբսիդիան, սակայն, ըստ էության, պետությունը սուբսիդիա չի նախատեսել ո՛չ պետական բյուջեով, ո՛չ կառավարության հայտարարություններով, հետևաբար մնում է գազի գնի վերանայումը: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կարող է վերանայման հայտ ներկայացնել հանձնաժողով: Հայտը հանձնաժողովը կարող է քննարկել 90 օրվա ընթացքում և կայացնել որոշում, ինչն ուժի մեջ կմտնի 9 ամիս հետո: Գազի գործող սակագնի պահպանման առավելագույն ժամկետը 120 օր է, սակայն նույնիսկ կառավարության քաղաքական որոշում կայացնելուց և այս գործընթացը հնարավորինս ձգձգելու դեպքում էլ մենք, միևնույն է, պարտք ենք կուտակելու, և որևիցե հարցի լուծում չի լինելու: Եթե հարցին նայենք տնտեսական տեսանկյունից, ապա մենք շտապ պետք է վերանայենք գազի սակագինը, ինչը թույլ կտա փոխհատուցել այս պարտքերը և չկուտակել նորերը՝ իր տույժերով հանդերձ»,- կարծիք հայտնեց տնտեսագետը:

Հարցին, թե որքան կարող է բարձրանալ գազի սակագինը, տնտեսագետը պատասխանեց.

«Հնարավոր բարձրացումը կարող է լինել 10-ից մինչև 16 դրամի սահմաններում: «Գազպրոմ Արմենիայի» և հանձնաժողովի միջև տեղի են ունենում բանակցություններ, ինչի արդյունքում էլ կորոշվի, թե գազի սակագինը որքան կբարձրանա: Գազի գնի բարձրացումն ուղղակիորեն ազդելու է էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումներն էլ իրենց հերթին նպաստելու են ՀՀ-ում արտադրվող, մատուցվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքների բարձրացմանը»:

Back to top button
Close