ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Չինաստանում 2019թ.-ին ծնվել է մոտ 14,65 մլն երեխա, եւ դա ամենացածր ցուցանիշն է վերջին 70 տարում

Չինաստանի Ազգային վիճակագրության բյուրոն տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ 2019թ.-ին երկրում ծնելիությունը նվազել է՝ արձանագրելով վերջին 70 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը:

2019թ.-ին երկրում լույս աշխարհ է եկել 14,65 մլն երեխա, ինչը 580 հզր-ով ցածր է 2018-ի ցուցանիշից:

Ըստ այդմ, կրճատվում է 16-59 տարեկան աշխատունակ բնակչության թիվը. մեկ տարվա ընթացքում այն նվազել է 890 հզր-ով: Միեւնույն ժամանակ Չինաստանի բնակչությունն արագ ծերանում է, եւ այդ ցուցանիշով երկիրն առաջ է անցել աշխարհի զարգացած պետությունների մեծամասնությունից:

Չինաստանի իշխանություններն այժմ քննարկում են կենսաթոշակային տարիքի բարձրացման հարցը, որպեսզի լուծեն աշխատուժի եւ կենսաթոշակային ֆոնդի անբավարարության հարցը: Ներկայումս այդ երկրում տղամարդիկ թոշակի են անցնում 60 տարեկանում, կանայք՝ 55:

Կալիֆորնիայի համալսարանի փորձագետ Վան Ֆենը կարծիք է հայտնել, որ ծնելիության նվազմանը նպաստում են մասսայական ներքին միգրացիան, ուրբանիզացիայի արագ տեմպերը, աշխատանքի տեղային մշակույթը, բնակարանի ու կրթության ոչ բարձր հասանելիությունը եւ սեռով պայմանավորված խտրականությունը:

2019թ.-ին արդեն հաղորդվել էր, որ Չինաստանի բնակչությունը վերջին 70 տարում առաջին անգամ կրճատվել է, իսկ 2018թ.-ին երկրում մահացությունը 1,27 մլն-ով գերազանցել է ծնունդների թվին:

Աղբյուր՝ fishki.net

Back to top button
Close