Նորություններ

Հուսիկ Հարությունյանից՝ Արթուր Վանեցյան. Հայաստանի ԱԱԾ ղեկավարները (1991-2019)

Ներկայացնում ենք Հայաստանի ԱԱԾ բոլոր ղեկավարներին՝ սկսած 1991-ից.

Հուսիկ Հարությունյան (1991-1992) – գեներալ-մայոր, ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ. դարձել է Երևան-Սոչի օդանավի աղետի զոհ 2006-ի մայիսի 3-ին,

Վալերի Պողոսյան (1992-1993), գեներալ-մայոր,

Էդուարդ Սիմոնյանց (1993-1994), գեներալ-մայոր, մահացել է

Դավիթ Շահնազարյան (1994-1995)

Սերժ Սարգսյան (1995-1999)

Կառլոս Պետրոսյան (1999-2004)

Գորիկ Հակոբյան (2004-2016), գեներալ-գնդապետ, մահացել է

Գեորգի Կուտոյան (2016-ի փետրվարի 12-ից մինչև 2018-ի ապրիլ)

Արթուր Վանեցյան (2018-ի ապրիլյան Թավշյա հեղափոխությունից մինչև 2019-ի սեպտեմբերի 16)

Հայաստանի անվտանգության մարմինների համառոտ պատմությունը

Հայաստանը 1918 թվականի մայիսի 28-ին ձեռք բերեց անկախություն, որը, սակայն, կարճ տևեց: Պատմական այդ կարճ ժամանակահատվածում, ռազմաքաղաքական ու տնտեսկան ծանր իրավիճակում, հայ ժողովրդի նվիրյալներին, այնուամենայնիվ, հաջողվել է նշանակալից քայլեր կատարել պետական շինարարության, այդ թվում նաև անվտանգության համակարգի ձևավորման ասպարեզում: Հանրապետության անվտանգության առումով առավել քան առաջնայիններից էր Ռազմական նախարարության Գլխավոր շտաբում գործող հետախուզական բաժանմունքը:

Ըստ արխիվային փաստաթղթերի՝ դեռ 1918 թ. օգոստոսի 13-ին ՀՀ Նախարարների խորհուրդը քննարկում է Ռազմական նախարարության միջնորդությունը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ հետախուզական և հակահետախուզական, ծախսերը ծածկելու նպատակով գումարներ հատկացնելու վերաբերյալ: Նախարարների խորհուրդը որոշում է կայացնում հետախուզության և հակահետախուզության կարիքների համար հատկացնել 20-ական հազար ռուբլի:

Սակայն հետախուզության և հակահետախուզության ուղղությամբ աշխատանքների սկզբնաժամկետ կարելի է համարել նաև նույն թվականի օգոստոսի 8-ը, երբ Ռազմական նախարարության Գլխավոր շտաբում ծառայության նշանակվեց պորուչիկ Արտեմի Հովհաննիսյանը (Հովհան Խան-Կոտուրսկի կամ Ղոթուրի): Նա Գլխավոր շտաբի գործունեության հակահետախուզական ուղղության առաջին ղեկավարն էր: Հետախուզական աշխատանքների գծով առաջին ղեկավարն է եղել փոխգնդապետ Ալեքսանդր Կոնստանտինի Շնեուրը:

1919 թ. սեպտեմբերից մինչև 1920 թ. ապրիլ ամիսը հետախուզական բաժանմունքն ղեկավարել է կապիտան Վահագն Մուրադյանը, որին այնուհետ փոխարինել է կապիտան Տիգրան Դևոյանը: Նշված բաժանմունքում եղել են հետախուզությամբ, հակահետախուզությամբ, հանցագործությունների դեմ պայքարով, դիտարկմամբ և գործակալների աշխատանքի ղեկավարմամբ զբաղվող ստորաբաժանումներ:

Բացի այդ, Հայաստանի Առաջին Հանրապետության Ռազմական նախարարության Գլխավոր շտաբի հետախուզական բաժանմունքը փորձում էր աշխատանքներ ծավալել նաև արտասահմանում: Այդ աշխատանքներն առաջին հերթին ընդգրկում էին Անդրկովկասը, Ռուսաստանի հարավը և Հյուսիսային Կովկասը: Տվյալ գործունեությունը կազմակերպելու համար օգտագործվում էին արտաքին գործերի նախարարության հնարավորությունները: Միաժամանակ փորձ էր արվում Թիֆլիսում և Բաքվում գտնվող հայկական դիվանագիտական ներկայացուցչություններում զինվորական կցորդի հաստիքներ բացել: ՀՀ Ռազմական նախարարության Գլխավոր շտաբի սպա, գեներալ-մայոր Ղորղանովի (Կորգանով) նախաձեռնությամբ, մեծ դժվարությամբ ֆինանսական միջոցներ են գտնվում և 1919 թ. հուլիսից այդ կարևոր օղակը սկսում է գործել: Այդ բաժինը կատարել է նաև արտաքին հետախուզական աշխատանքներ Թուրքիայում և Իրանում:

Այսպիսով, երկարատև պատմական ընդմիջումից հետո անկախություն ձեռք բերած Հայաստանում ստեղծվեց ու գործեց հատուկ ծառայություն:

Հայաստանի անվտանգության համակարգի պատմության երկրորդ փուլը սկսվում է Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելու ժամանակաշրջանով: 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր և անվտանգության համակարգն, իր մասնակի տեղական բնույթի յուրահատկություններով հանդերձ դառնում է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների անքակտելի մասը:

1917 թ. դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի Ժողկոմխորհի նիստում որոշում էր կայացվել Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով ստեղծելու մասին, որի նախագահ էր նշանակվել Ֆելիքս Ձերժինսկին: 1920 թ. դեկտեմբերի 6-ին, Հայաստանում խորհրդային կարգեր հասատատվելուց օրեր անց Հանրապետության Հեղկոմի դեկրետով ստեղծվում է ՀԽՍՀ Արտակարգ Հանձնաժողովը: Նույն դեկրետով Հայաստանի Կարմիր բանակում հակահեղափոխական հանցագործությունների դեմ պայքարելու նպատակով ստեղծվում է ԱՀ-ին կից Հատուկ Բաժինը:

ՀԽՍՀ ԱՀ-ի առաջին նախագահ է նշանակվում Նիկոլայ Այվազովը (Այվազյան): 1921 թ. հունվարին այն արդեն ղեկավարում էր ճանաչված բոլշևիկ Շավարշ Ամիրխանյանը (մինչև 1924 թ.), որի տեղակալն էր Սերգեյ Մելիք-Օսիպովը (1924-1929թթ ղեկավարել է համակարգը): 1929 թ. մարտից մինչև 1930 թ. հոկտեմբեր ՀԽՍՀ ՊՔՎ-ում ղեկավարների արագ փոփոխություններ են տեղի ունենում: Մեկը մյուսին փոխարինեցին Սեդրակ Մարգարյանը, Հայկ Պետրոսյանը, Սեդրակ Օթյանը, որոնք այդ թվում նաև նրանց նախորդած Սերգեյ Մելիք-Օսիպովը այնուհետ դարձան 1937-1938 թթ. ստալինյան բռնաճնշումների զոհեր:

Հայրենական պատերազմի տարիներին որոշակի փոփոխություններ են տեղի ունենում անվտանգության համակարգի կառուցվածքում: 1941 թ. փետրվարին ԽՍՀՄ ՆԳԺԿ-ից անջատվեց ԽՍՀՄ պետական անվտանգության Ժողովրդական կոմիսարիատը (ՊԱԺԿ), սակայն 1941 թ. հուլիսին այդ կառույցները կրկին միավորվեցին ՆԳԺԿ-ի կազմում: 1943 թ. ապրիլին նրանք նորից անջատվեցին: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանի անվտանգության մարմինները ղեկավարել է գեներալ-մայոր Գեորգի Մարտիրոսովը: Նա մեծ ավանդ ունի պատերազմի ժամանակահատվածում հանրապետության պետական անվտանգության ապահովման գործում: Գ. Մարտիրոսովը 1952 թ. օգոստոսի 15-ից 1954 թ. ապրիլի 26-ը երկրորդ անգամ է ղեկավարել Հայաստանի անվտանգության մարմինները: 1945-1947 թթ. ՀԽՍՀ Պետանվտանգության մարմինները ղեկավարել է գնդապետ Նիկիտա Քրիմյանը, 1947-1952 թթ.՝ Պետանվտանգության նախարար Սերգեյ Կորխմազյանը: 1954-1972թթ. ՀԽՍՀ ՆԽ-ին առընթեր ՊԱԿ-ը ղեկավարել է Գեորգի Բադամյանցը, 1972-1977 թթ.՝ Արկադի Ռագոզինը, 1977-1978 թթ.՝ Հրայր Միքաելյանը,1978-1988 թթ.՝ Մարիուս Յուզբաշյանը, 1988-1991 թթ.՝ Վալերի Բադամյանցը:

aniarc.am

Back to top button
Close