ՆորություններՔո ձայնը

Գեորգի Կուտոյանն իր պաշտոնավարման ընթացքում անհամեմատ զուսպ էր. սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Շատ, շատ եմ ցավում Գեորգի Կուտոյանի մահվան (սպանությա՞ն, ինքնասպանությա՞ն) կապակցությամբ: Ի սրտե ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին՝ կնոջը, ծնողներին: Շատ եմ ցավում հատկապես մանկահասակ որդու համար, ում արդեն բաժին ընկավ ողջ կյանքում կրելու հոր երիտասարդ կյանքի տարատեսակ բնութագրերի և մահվան հանգամանքների բեռը՝ զրկվելով հորը լսելու հնարավորությունից: ԱԱԾ-ի նման բարդ հանրային ընկալում ունեցող կառույցը ղեկավարածի այս մահը (սպանությո՞ւն, ինքնասպանությո՞ւն) ևս մի փակուղի է դառնում իշխանության անդամի առաքինությունների մասին օբյեկտիվ դատողությունների համար: Իր պաշտոնավարման դժվար ժամանակաընթացքում Գեորգի Կուտոյանը ժլատ է եղել հանրային հաղորդակցություններում, բայց պարսավանքի առիթ տվող տեքստ, կարծեք թե, չկա: ԱԱԾ-ում նրա պաշտոնավարման շրջանին էին վիճակված «զինված բանդաների» ձերբակալության, «Սասնա ծռերի» զինված ապստամբության և նման այլ երևույթների հետ աշխատելու դժվար գործողությունները: Քրեաօլիգարխիկ և ավտորիտար երկրում, ինչպիսին այն ժամանակվա Հայաստանն էր, ԱԱԾ կառույցը սովորաբար ամենախնդրահարույցն է թե իշխանությունների, թե հասարակության համար: Նրան նախորդող Գորիկ Հակոբյանը կտրուկ էր թե իր հանրային գնահատականներում, թե գործողություններում՝ իշխանությանը նույնիսկ պարզ, բանավոր քննադատությունը ԱԱԾ-ի գործն էր դառնում: Իսկ Մարտի մեկի երևույթը, որի պարզ քաղաքացիական անհնազանդությունը ԱԱԾ-ն վերածեց «զինված դիմադրության» (Ռոբերտ Քոչարյանի ասածով՝ Գորիկ Հակոբյանն իրեն զեկուցում էր հրապարակում կուտակվող զենքի և նախապատրաստվող զինված գործողությունների մասին, չնայած զենք չի հայտնաբերվել, և ցայսօր զինված գործողությունների որևէ ապացույց չկա), վկայում է այն մասին, որ ԱԱԾ-ն ակնհայտ դուրս էր եկել իր լիազորությունների շրջանակից: 1991-ից ի վեր ԱԱԾ-ն ներքին հարաբերություններում քաղաքական իշխանության գործիք էր:

Գեորգի Կուտոյանն իր պաշտոնավարման ընթացքում անհամեմատ զուսպ էր թե հրապարակային խոսքում, թե գործողություններում: «Թավշյա հեղափոխության» ընթացքում ԱԱԾ-ից համենայն դեպս ակնհայտ գործողությունների սրացումներ չեն եղել: Թվում է, որ Գեորգի Կուտոյանը, ի տարբերություն Գորիկ Հակոբյանի, ուշացել էր ԱԱԾ-ի խորհրդային շրջանի բարոյականությունից և չէր հասցրել վարակվել ՀՀ-ում ձևավորված քրեաօլիգարխիկ կառավարման բարոյականությամբ:

Նա, իհարկե, շատ երիտասարդ էր, նաև փորձառու ՆԳԺԿ-ԿԳԲ ժառանգորդած ԱԱԾ-ի նման բարդ, ոչ միշտ հասկանալի գործառույթներով կառույցը ղեկավարելու, հատկապես քրեաօլիգարխիկ իշխանությունների շրջանում, և գուցե վաղաժամ են իմ այս դիտարկումները, բայց այս պահին ինձ թվում է, որ նրա որդին ապագայում պիտի իմանա, որ իր հոր բնույթի մասին կան տարբեր կարծիքներ:

Back to top button
Close