Նորություններ

«Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում. Շիրակի մարզում նեղ խմբակը ական է դնում իշխանության տակ». Աշոտ Կուրղինյան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը որոշեց Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն նշանակել թիմակցին՝ Ժորժիկ Սերոբյանին: Պայմանագիրը կնքվել է 7-ամսյա ժամկետով: Ժորժիկ Սերոբյանը ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի որդին է (Երվանդ Սերոբյանի վրա կա հարուցված քրեական գործ) և հեղափոխությունից հետո մեկ այլ բուհի ռեկտորի պաշտոնակատար նշանակված Կարեն Պետրոսյանի ազգականը:

Հիվանդանոցը 15 տարի ղեկավարած Աշոտ Կուրղինյանը վստահ է՝ նեղ խմբակի կողմից է ուղղորդվում Շիրակի մարզպետը: Վերջինիս որոշումը Կուրղինյանը համարում է ոչ օբյեկտիվ և նշում՝ կատարվածը բացահայտ հովանավորչություն է:

Այս որոշմամբ այդ խմբակը, որը հասցրել է հեղափոխությունից հետո ազգական-բարեկամների տեղավորել մարզային որոշ կառույցներում, և Ավստրիական հիվանդանոցը դրանցից մեկն էր, ական է դնում գործող իշխանության տակ և դեմ գնում հեղափոխության արժեքներին, ասում է Կուրղինյանը: Նրա խոսքերով՝ գործող իշխանությունը, վստահաբար, չի միջամտել պրոցեսներին, և դա դրական է համարում:

Ավելին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ եթե ինքը լիներ, տնօրենի փոփոխություն չէր կատարի: Աշոտ Կուրղինյանը և Արմեն Իսահակյանը, Թորոսյանի խոսքերով, Հայաստանի լավագույն տնօրեններից են:

Տեղի ունեցածն ապացուցեց, որ, ըստ էության, մրցույթը ձևական է եղել, և նախքան մրցույթն էլ Շիրակի մարզպետը և նրա մտերիմ նեղ շրջանակն ունեցել է պատրաստի որոշում:

Շիրակի մարզպետը նշանակման օրվանից չի հետաքրքրվել զարգացման լուրջ ծրագրեր ունեցող հիվանդանոցի ճակատագրով, երբեք չի այցելել: 2018-ին հիվանդանոցում անցկացված աուդիտը Կուրղինյանը համարում է խայտառակ: Աուդիտին հաջորդել էր քրեական գործի հարուցումը, ապա գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Աշոտ Կուրղինյանը պնդում է՝ կառչած չէ աթոռից, հիվանդանոցն իրենը չէ, այլ Գյումրիինն է, մարզինը: Միայն ափսոսում է, որ իր ձեռքից խլում են իր կյանքի գործը: Երբեք չի պատկերացրել, որ նման վիրավորական իրավիճակում է թողնելու հիվանդանոցը:

Ասաց՝ դեմ է բողոքի գործողություններին: Հիվանդանոցի աշխատանքը չպետք է խաթարվի: Ինչ է անելու՝ Կուրղինյանը չի որոշել: Այն, որ չի շարունակի որպես բժիշկ իր աշխատանքը նույն հիվանդանոցում, հստակ է:

 

Արմենուհի Վարդանյան

Back to top button
Close