Խորհրդարանի աշխատանքից վարչապետը գոհ է. Ալեն Սիմոնյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն ընթացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հանդիպումը վարչապետի և խմբակցության անդամների միջև արդեն ավանդական է դարձել: Սիմոնյանը նշել է, որ օրակարգում ամփոփել են 2019 թվականի իրադարձությունները, կատարված աշխատանքները և քննարկել 2020-ի տեսլականը: Հարցին, թե գո՞հ է արդյոք վարչապետը խորհրդարանի աշխատանքից, ԱԺ փոխնախագահը պատասխանել է.
«Այս թեմայով քննարկում չի եղել, բայց, այո, կարող եմ ասել, որ խորհրդարանի աշխատանքից վարչապետը գոհ է»:
Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Արթուր Վանեցյանը հակաքարոզչություն է իրականացրել վարչապետի կնոջ և դստեր նկատմամբ, Ալեն Սիմոնյանն ասել է.
«Կարծում եմ՝ նման հարցեր օրակարգ բերելը ունի մի պարզ պատճառ՝ ուրիշ թեմա չկա խոսելու, դա են քննարկում»:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ չեն իրականացվել, սակայն սահմանադրության հետ կապված փոփոխություններ, Սիմոնյանի կարծիքով, հնարավոր են, իսկ հիմա կտրուկ բարեփոխումների մասին խոսք չկա: