Նորություններ

Շիրակի մարզպետը «վարձահատույց» կլինի՞ թիմակցին. ո՞վ կդառնա «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդ թեկնածուները երեքն էին՝ 15 տարի հաստատությունը ղեկավարած Աշոտ Կուրղինյանը, «Գյումրի» բժշկական կենտրոնի ու «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը և «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Հրաչ Մարտիրոսյանը:

Հրաչ Մարտիրոսյանի փաստաթղթերը թերի էին: Նա չէր ներկայացրել բուժհաստատության զարգացման ծրագիր: Ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ Մարտիրոսյանի թեկնածությունը ձևական բնույթ էր կրում:

Թեժ պայքարը երկուսի մեջ էր ծավալվելու՝ Աշոտ Կուրղինյանի, ում աշխատանքի վերաբերյալ նախատոնական օրերին Գյումրի այցելած ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դրական գնահատական էր տվել, և Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մտերիմ շրջանակներից՝ Ժորժիկ Սերոբյանի: Նա 2018 թվականի ապրիլյան զարգացումներից հետո ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար դարձած Կարեն Պետրոսյանի քեռորդին է:

Մրցույթը, որին մասնակցեցին թեկնածուները, բաղկացած էր երեք փուլից: Նախ Կուրղինյանը և Սերոբյանը մասնակցեցին թեստավորման փուլին: Սերոբյանը երկու սխալ պատասխանով զիջեց Կուրղինյանին: Մյուս՝ բանավոր փուլը երկու թեկնածուներն էլ ճիշտ պատասխանեցին առաջադրված 5 հարցերին:

Երրորդ փուլում նրանք ներկայացրին բուժհաստատության զարգացման ծրագիրը:

Աշոտ Կուրղինյանն ավելի շատ խոսեց արված աշխատանքից: Ակնարկեց՝ դա այն հիմքն է, որի վրա հենվելու են ապագա ծրագրերը՝ մասնավորապես նոր մասնաշենքի կառուցում, գերժամանակակից սարքավորումների ստեղծում, աշխատավարձերի բարձրացման հնարավորությունը, որն ընձեռվել է առողջապահական պետական քաղաքականության արդյունքում:

Զարգացման ծրագրին հաջորդեց հանձնաժողովի քվեարկությունը:

Ժորժիկ Սերոբյանը խոսեց բուժհաստատության թույլ կողմերի մասին, ասաց՝ կառավարման ավտոմատացման համակարգը պետք է զարգացնել, շեշտը դնել մարկետինգի վրա: Խոսեց վճարովի և անվճար ծառայություններից օգտվող քաղաքացիներին բուժհաստատությունում տարբեր կերպ սպասարկելու վտանգների մասին:

Հանձնաժողովը նկատեց՝ ծրագրում շատ են թեզերը:

Հարցրին՝ իրեն ավելի շուտ բժի՞շկ է համարում, թե՞ կառավարիչ: Սերոբյանն ասաց՝ հիմա բժիշկ է, բայց երեք օրից պարզ կլինի՝ կառավարիչ է, թե բժիշկ:

Իսկ երեք օրից Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն է որոշելու՝ ով կշարունակի զբաղեցնել հիվանդանոցի տնօրենի պաշտոնը: Հանձնաժողովը պատասխանատվության այդ բեռը բարդեց հենց նրա վրա: Փակ գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովի 7 անդամ կողմ քվեարկեց Աշոտ Կուրղինյանի ներկայացրած զարգացման ծրագրին:

Երրորդ փուլի քվեարկությամբ մեկ ձայնով Սերոբյանը զիջեց գործող տնօրենին: Նա ստացավ 6 կողմ և 1 դեմ ձայն:

Ըստ էության, մրցույթի արդյունքներով առաջատարն Աշոտ Կուրղինյանն է:

ԳԱԼԱ-ի հարցին, թե դաշնակցական լինելու հանգամանքն օգնե՞լ է, թե՞ խանգարել, Կուրղինյանն ասաց՝ոչ օգնել է, ոչ խանգարել: Այդ հարցը չի շահարկվել:

Ժորժիկ Սերոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է մրցույթին մասնակցելու, որպեսզի մարզպետի հետ պայմանագիր կնքի:

Մեկ նկատառում. Ժորժիկ Սերոբյանն ԱԺ արտահերթ ընտրություններում վարկանիշային թեկնածու Տիգրան Պետրոսյանի նախընտրական շտաբի աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն է ունեցել: Նա աջակցել է Տիգրան Պետրոսյանին: Մեզ հետ զրույցում թեև ասաց՝ ինքն աջակցել է «Իմ քայլին» և Նիկոլ Փաշինյանին: Այժմ մարզպետի պաշտոնն է զբաղեցնում Պետրոսյանը… և նա է որոշելու՝ ում հետ կնքել պայմանագիր. վարձահատույց լինել թիմակցի՞ն, ով դերակատարություն է ունեցել իր նախընտրական շտաբի աշխատանքներում, թե՞ պայմանագիր կնքել ՀՅԴ ներկայացուցիչ Աշոտ Կուրղինյանի հետ: Երկու դեպքում էլ Տիգրան Պետրոսյանին անհրաժեշտ կլինի սեփական որոշումը մանրամասն հիմնավորել…

Ավելին
Back to top button
Close