Նորություններ

Ինքնաձիգ, ատրճանակներ, հրացաններ․ Ոստիկանության բաժիններում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել

Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 10-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Ամբերդ գյուղի բնակիչ, 55-ամյա մի կին կամավոր հանձնել է կարճեցված փողով հրացան, նռնակ, պայթուցիչ, պայթուցիկ նյութ, տարբեր տրամաչափի 46 փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։

Հայթաղ գյուղում ապրող 56-ամյա մի կին էլ կամավոր հանձնել է կարճեցված փողով հրացան, պայթուցիչ, պայթուցիկ նյութ, նռնականման իր, տարբեր տրամաչափի 28 փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։ Զենք-զինամթերքը գտել է ավտոտնակի տանիքը մաքրելիս։

Հունվարի 11-ին ևս Վաղարշապատի բաժնում ապօրինի զնեք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք արձանագրվեց։ Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Էջմիածնում ապրող 37-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է «Վալտեր» տեսակի ատրճանակ։
Էջմիածնաբնակ 59-ամյա մի կին էլ կամավոր հանձնել է «Մակարով» ատրճանակ, փամփշտատուփեր՝ լիցքավորված ընդհանուր 15 փամփուշտով, ինչպես և «ՏՏ» տեսակի ատրճանակ ու 39 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ ապօրինի ատրճանակաները պատկանել է հանգուցյալ հորը։

Արմավիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում էլ հունվարի 10-ին Արմավիր գյուղի բնակիչ 48-ամյա մի տղամարդ կամավոր հանձնեց «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի դատարկ փամփշտատութ՝ հայտնելով, որ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։
Հունվարի 10-ին ոստիկանության Մեծամորի բաժին եկած 70-ամյա տղամարդը, որը Մրգաշատ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց «ՏՕԶ» տեսակի կարճեցված փողով հրացան, պայթուցիկ նյութ, պայթուցիչ, տարբեր տրամաչափի 25 փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը գտել է նկուղը մաքրելիս։

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պարեկայինների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գյումրիի բնակիչ, 59-ամյա մի կին հունվարի 10-ին կամավոր հանձնեց ինքնաշեն ատրճանակ։ Նրա հայտնածով՝ դա պատկանել է հանգուցյալ եղբորը։
Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ հունվարի 13-ին Բայանդուր գյուղի 56-ամյա մի բնակիչ կամավոր հանձնեց գործարանային համարով «ՏՕԶ» տեսակի հրացան՝ նախատեսված 5․6 տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նրա հայտնածով հրազենը գտել է տան տանիքը մաքրելիս։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Back to top button
Close