Նորություններ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալի հետ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովին մասնակցելու հրավերի համար և նշել. «Մեզ համար շատ թանկ են մեր երկրների ու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները։ Պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»։

Նախագահ Սարգսյանը կարևորել է անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄԷ իր այցի ընթացքում վերականգնվող էներգետիկայի առաջատար «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու և զարգացնելու վերաբերյալ, որի համաձայն՝ Հայաստանում կատարվելու են շուրջ 320 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Նշելով, որ Հայաստանն ունի գեղեցիկ բնություն՝ նախագահն ասել է, որ այս նախագիծը, որը կարևոր քայլ է Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ, կնպաստի Հայաստանն ավելի կանաչ դարձնելուն։

Նախագահ Արմեն Սարգսյանը և թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն անդրադարձել են հայ-էմիրաթական փոխգործակցության ողջ սպեկտորին: Նրանք հեռանկարային են համարել փոխգործակցությունը նորարարության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Այս համատեքստում նախագահը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ՝ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը և նշել, որ բազմաբաղադրիչ այս ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է ունենալ երեխաների համար նախատեսված՝  Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը», ինչպես նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ուրախ կլինենք այս ծրագրի շրջանակում համագործակցել նաև էմիրաթական ընկերությունների հետ»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:

Զրուցակիցները նշել են նաև սննդի անվտանգություն, գյուղատնտեսության ոլորտներում շահավետ համագործակցության մեծ ներուժը, մտքեր փոխանակել միջուկային էներգետիկայի, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ։

Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների թվում նշվել է նաև զբոսաշրջությունը: Նախագահ Սարգսյանը զբոսաշրջության, գործարար կապերի ակտիվացման տեսակետից կարևորել է Աբու Դաբիի և Երևանի միջև ուղիղ օդային կապի հաստատումը։ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հանձնարարել է համապատասխան կառույցի ղեկավարին՝ քննարկել և կոնկրետ լուծում տալ հարցին:

Պատվիրակությունների կազմով հանդիպմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի առանձնազրույցը։

Back to top button
Close