Նորություններ

«Ես կցանկանայի, որ հայկական քաղաքական վերնախավը չնմանվեր ադրբեջանական քաղաքական վերնախավին»

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե իրենց ձեռքի տակ կան փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: «Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի դեմ ստահոդ լուրեր տարածելու հարցում ամենահայտնի կայքերից մեկը Վանեցյանի հետ սկսել է համագործակցել դեռ 2018 թվականի վերջին»,- գրել է պարբերականը:

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ:

Անդրադառնալով «ՀԺ»-ի կողմից հրապարակված հոդվածին, ներկայացված տվյալներին և գործին առնչվող անունների շահարկումներին՝ Լարիսա Ալավերդյանը հայտարարեց.

Լարիսա Ալավերդյան

«Ես, ճիշտն ասած, կսպասեմ իրավական ընթացքին, մնացածն ասեկոսե է և հարիր չէ այդ մակարդակի վրա գործեր անելը: Անգամ չեմ ուզում այդ հոդվածը մեկնաբանել. կրկնում եմ, եթե կան այդպիսի հստակ ձևակերպված ապացույցներ, պետք է իրավական ընթացք տալ, կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն զուտ իրավական ճանապարհով:

«Ցավոք սրտի, նոր տարին չփոխեց հին ոճը, սկզբից տարածել, ստեղծել այդ կարծիքը՝ դյուրահավատ մարդկանց մոտ լինի, թե՛ ուղղորդված մարդկանց, արդեն նշանակություն չունի հետագայում ինչ-որ գործ սկսելու կամ չսկսելու համար: Ես դատապարտում եմ այդպիսի մեթոդը»,- ընդգծեց Ալավերդյանը:

ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, թե արդյոք կշռադատված գործողություն կարելի է համարել նախ վարչապետի դստեր ֆեյսբուքյան գրառումը՝ ուղղված Վանեցյաններին, իսկ հետո նաև Արթուր Վանեցյանի հերքումները, և ինչի՞ կարող են հանգեցնել նման հեռակա բանավեճերը, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց.

«Ես կցանկանայի, որ հայկական քաղաքական վերնախավը չնմանվեր ադրբեջանական քաղաքական վերնախավին ու չդարձներ այս պետական նշանակության խնդիրներն ընտանեկան: Երեխայի մասին (Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանի մասին է խոսքը) ես բան չեմ ուզում ասել, ափսոսում եմ, որ սխալ ձևով զարգանա այս իրավիճակը, բայց իմ խնդիրը պետությունն է: Դա նշանակում է, որ մենք ունենք ոչ թե վարչապետ, այլ վարչապետի ընտանիք: Դա շատ տգեղ բան է, կրկնում եմ, դա նմանվում է ադրբեջանական կառավարման մոդելին, և դա ընդունելի չէ մեզ համար, դա ընդհանրապես մերը չէ»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ Մարիամ Փաշինյանի նման արձագանքը չի կարող կշռադատված քայլ համարել: «Ինչ վերաբերում է պատասխանին. այսպես թե այնպես հնչեցված պատասխանը վերին աստիճանի արժանապատիվ և զուսպ պատասխան էր:

Հետագան կապված է նրա հետ, թե արդյոք երկրի համար մտածող և ցավող, արդեն իսկ դրական գործ արած ժողովրդի մասը ինչ-որ դժգոհություն կհայտնի՞ վարչապետին, որ այսպիսի ձևն արդյունավետ չէ կառավարման տեսանկյունից և քայքայիչ է հասարակության տեսակետից»:

ԳԱԼԱ-ի հարցին, թե Վանեցյանի պաշտոնանկությունն այս ամենի հետ առանցքային որևէ կապ ունի՞՝ հաշվի առնելով պաշտոնանկությունից հետո բացված թղթապանակները, բացահայտված գործերը, Ալավերդյանը պատասխանեց. «Պաշտոնանկությունից հետո ստեղծվում են այսպիսի պատմություններ: Ինչ-որ ձևով կապել այս ամենը պաշտոնանկության հետ, ես չէի ցանկանա նման կարծիք հայտնել: Կան մեթոդներ, կան ձևեր, իրավունքի և բարոյական նորմերի մեջ տեղավորվող քայլեր»:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում ափսոսանք էր հայտնել, որ մի ժամանակ մտերիմ են եղել Վանեցյան ընտանիքի հետ՝ նրանց մեղադրելով դավադրությունների մեջ:

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պատասխանն էլ չուշացավ: «Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով: Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը՝ անընդունելի: Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական: Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անսպասելի էր անգամ ինձ համար: Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները: Պատիվ ունեմ: Հ.Գ. Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր, խնդրում եմ, մեծերի անհասկանալի խաղերի մեջ»,- գրել էր Արթուր Վանեցյանը:

Անահիտ Չալիկյան

Ավելին
Back to top button
Close