Նորություններ

«Հայաստանը, մնալով ՌԴ ռազմաքաղաքական դաշնակիցը, դեռևս չունի այնպիսի փաստեր, որոնք մեզ համար կարող են լինել մտահոգիչ»

Հունվարի 8-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ պաշտոնապես գործարկվեց «Թուրքական հոսք» գազային նախագիծը:

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսեց ռուս-թուրքական սերտ հարաբերությունների, տարածաշրջանային հավակնությունների, «Թուրքական հոսք» գազային ծրագրի և այլ հարցերի մասին:

«Երկու պետությունները փորձում են այս ջերմացումը տեղափոխել քաղաքական դաշտ և փորձում են համագործակցել քաղաքական դաշտում: Դա տեղի է ունենում Սիրիայում, հիմա էլ փորձում են նույնը անել Լիբիայում: Բացի դրանից, Թուրքիան Ռուսաստանից ստանում է մեծ ռազմավարական նշանակության զենքեր, ինչպիսին են Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռները, ինչն առաջացնում է ԱՄՆ-ի դժգոհությունը: Սրանք փաստեր են, որոնք գոյություն ունեն: Ուզում եմ նշել նաև, որ մեզ համար, իհարկե, շատ մտահոգիչ է այս համակարգը, քանի որ մենք ունենք պատմական փորձ՝ իհարկե բացասական առումով, երբ քեմալականները դաշինք հաստատեցին և այդ դաշինքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը բաժանեցին իրար մեջ: Պետք է արձանագրենք, որ պատմության դասը շատ դաժան է մեզ համար»,- նշեց Սաֆրաստյանը:

Ռուբեն Սաֆրաստյան

«Հաջորդ հանգամանքը կապված է աշխարհում տեղի ունեցող այժմյան գործընթացների հետ: Չնայած ռուս-թուրքական հարաբերությունները ջերմանում են, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս գալու ոչ մի ցանկություն չի արտահայտում և չի ցանկանում վերջ տալ ԱՄՆ-ի հետ իր ռազմավարական-քաղաքական դաշինքին: Պետք է հաշվի առնել, որ չնայած ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կան տարաձայնություններ, բայց նրանք շարունակում են մնալ դաշնակիցներ՝ ռազմաքաղաքական առումով: Այնպես որ, հաշվի առնելով վերոնշյալ փաստերը՝ պետք է եզրակացնել, որ դեռևս ռուս-թուրքական համագործակցությունը չի կրում ռազմավարական-ստրատեգիական բնույթ: Դա պարզապես բխում է տարածաշրջանային զարգացումներից և պահի թելադրանքներից»:

Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ թուրքագետը կարծում է, որ Հայաստանը, մնալով ՌԴ-ի ռազմաքաղաքական դաշնակիցը, դեռևս չունի այնպիսի փաստեր, որոնք Հայաստանի համար կարող են լինել մտահոգիչ:

Ռուբեն Սաֆրաստյանը խոսեց նաև Մերձավոր Արևելքում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշման տարբերությունների մասին՝ նշելով, որ երկու պետությունների միջև դաշնակցությունն ունի մարտավարական բնույթ, քանի որ ռազմավարական առումով նրանք, ըստ էություն, դաշնակիցներ չեն, այլ ունեն տարբեր շահեր ու նպատակներ.

«Այն համագործակցությունը, որը հիմա կա Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, այդ թվում և Սիրիայում, զուտ տակտիկական է: Պետք է մի կարևոր հանգամանք ևս նշել, որ Թուրքիան ինքն է ձգտում Մերձավոր Արևելքում դառնալ ուժի կենտրոն, թելադրել իր կամքը, և այդ նպատակին հասնելուն է ուղղված Թուրքիայի քաղաքականությունն Էրդողանի ղեկավարության տարիներին: Եվ այս առումով Թուրքիան փորձում է օգտագործել Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ իր դիրքերն ուժեղացնելու համար»:

««Թուրքական հոսք» ծրագիրը ևս մի օրինակ է, երբ երկրների շահերը համընկան: Մի կողմից Ռուսաստանը ձգտում է գազը տեղափոխել Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինային, մյուս կողմից Թուրքիան ձգտում է դառնալ տարածաշրջանում էներգետիկ համակարգերի համար յուրահատուկ կենտրոն, և դրա համար, այս երկու երկրների շահերը համընկան, ու ստեղծվեց «Թուրքական հոսքը»: Կա այլ հանգամանք ևս. առաջինը, որ Եվրոպայի մի շարք երկրներ, ԱՄՆ-ի հորդորով և ճնշմամբ, սկսում են հրաժարվել ռուսական գազից, և նկատելի է ռուսական կողմի դժվարությունը՝ իր գազը Եվրոպային առաջարկելու առումով, խոսքը գնում է նաև «Թուրքական հոսքի» մասին: Այնպես որ, այս գազատարը հիմա կառուցվել է, բայց դեռևս ոչ մի վստահելի հաշվարկներ չկան, որ այդ գազատարը կգործի իր ամբողջական հնարավորություններով»:

Թուրքագետը նշեց նաև, որ այս գազային ծրագիրը տնտեսական առումով ոչ մի խնդիր չի կարող ստեղծել Հայաստանի Հանրապետության համար:

 

Զեմֆիրա Ղուկասյան

Ավելին
Back to top button
Close