ՄիջազգայինՆորություններ

Կալանավորված նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվի. armtimes.com

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցաքննվի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց հենց պաշտպանը՝ Լեւոն Սահակյանը (լուսանկարում աջից առաջինը): Միջնորդությունը քննիչին ներկայացվել է տոներից առաջ: Պաշտպանը մեկնաբանեց՝ ինչու է այդ հարցաքննությունը կարեւոր:

«Ձերբակալումից մի քանի օր առաջ Լոռեցյանը դիմում էր ներկայացրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Մասնավորապես խնդրել էր նախարարին, որպեսզի վերջինս միջնորդի վարչապետին իրեն աշխատանքից ազատելու համար: Մեր այդ դիմումը կարծում ենք՝ գործի համար էական նշանակություն ունի. մասնավորապես, եթե մեղադրանք է առաջադրվել, որ այս կամ այն ընկերությանը նա իր աջակցությունն էր պատրաստվում ցուցաբերել իր պաշտոնական դիրքի հետ կապված, այս ամենն ապացուցում է այն, որ նա նման մտադրություն չի ունեցել, ավելին՝ նույնիսկ պատրաստվել է աշխատանքից դուրս գալ: Հիմա մենք չգիտենք՝ համապատասխան խուզարկությունների արդյունքում այդ դիմումը քննիչն առգրավել է, թե ոչ, ուստի մենք միջնորդել ենք, որպեսզի հարցաքննվի նախարարը, որպեսզի այս ամենի վերաբերյալ տա համապատասխան ցուցմունք»,- ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ չգիտի, թե ինչու է Լոռեցյանը ցանկացել հեռանալ աշխատանքից:

Լոռեցյանը ձերբակալվել եւ ապա կալանավորվել է դեկտեմբերի սկզբին: Դեկտեմբերի 7-ին նրան, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Back to top button
Close