Նորություններ

«Հանձին Մարգարիտա Սիմոնյանի՝ այդպիսի արձագանքը կարող է փաստել, որ պուտինյան ռեժիմն անթաքույց աջակցում է Ռոբերտ Քոչարյանին»

Վերջերս ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Կեղծ օգտատիրոջ ձերբակալությունն անհանգստացրել էր «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Նա կեղծ օգտատիրոջ ձերբակալությունը որակել էր որպես մարդու իրավունքների, խոսքի ազատության կոպիտ  խախտում եւ կից գրառում կատարել՝ «Ո՞նց եմ սիրում ժողովրդավարական հեղափոխությունները»:

Արթուր Սաքունց

ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Մարգարիտա Սիմոնյանի անհանգստությանը՝ «Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» (ՀԿ) նախագահ Արթուր Սաքունցը հայտարարեց. «Եթե նման խնդիրները, նման հարցերը Մարգարիտա Սիմոնյանի համար հետաքրքիր էին կամ մտահոգիչ, եթե այդ թեման նրա հետաքրքրությունների շրջանակում էր, ապա մինչ այդ էլ տարբեր առիթներ եղել են՝ նախևառաջ Ռուսաստանում, նաև Հայաստանում կամ այլ երկրներում բազմիցս եղել են, ու կարծես թե որևէ այդպիսի մտահոգություն կամ արձագանք չենք տեսել նրա կողմից, նա իհարկե անձնական հետաքրքրություն ունի. սա խոսում է այն մասին, որ առնվազն Մարգարիտա Սիմոնյանը ճանաչում է կամ տեղյակ է այդ ֆեյք օգտատիրոջը, կամ այդ ուղղությամբ  գործողություն  ծավալողների մասին իրազեկված է, և մտահոգությունը պայմանավորված է նրանով, որ հայտնաբերել են օգտատիրոջը, կամ ինչ գործողություններ է կատարել օգտատերը, այլ որ կարող է որոշակի ենթադրյալ կապ բացահայտվի իր և կեղծ օգտատիրոջ կամ այլ օգտատերի հետ»:

Ըստ Արթուր Սաքունցի՝ «Russia  Today»-ը Կրեմլի կարևոր պրոպագանդիստական միջոցներից մեկն է, Մարգարիտա Սիմոնյանը սերտ առնչություն ունի անձամբ Վլադիմիր Պուտինի  հետ, և պետք է ենթադրել, որ կեղծ օգտատերերի այդ ինդուստրիային նրանք ծանոթ են, կամ նրանք առնչություն ունեն և դա օգտագործում են իրենց  քարոզչական  գործողությունների ժամանակ»:

Սաքունցի կարծիքով՝ միայն այդ հանգամանքով կարող է պայմանավորված լինել Սիմոնյանի մտահոգությունը:

«Իսկ եթե այլ կողմից մոտենանք, Մարգարիտա Սիմոնյանը բացի «Russia Today»-ի խմբագիր և Պուտինի ստեղծագործ զինակիցը լինելուց՝ որպես տոտալիտար կառավարման ներկայացուցիչ, որևէ այլ առանձնահատկությամբ հետաքրքիր չէ, և նա այն մարդը  չէ, որի ինչ-որ մտահոգություններին արժե ուշադրություն դարձնել»,- կարծիք հայտնեց Սաքունցը:

ԳԱԼԱ-ի դիտարկմանը, թե Սիմոնյանը կեղծ օգտատիրոջ ձերբակալությունը մեկնաբանել էր որպես մարդու իրավունքների, խոսքի ազատության կոպիտ  խախտում, իսկ նրա՝ «Ո՞նց եմ սիրում ժողովրդավարական հեղափոխությունները» գրառումը նման էր հեգնանքի, Արթուր Սաքունցն արձագանքեց. «Մարգարիտա Սիմոնյանը չէ, որ պիտի խոսի մարդու իրավունքների խախտման մասին, երբ  Ռուսաստանում  կարծիք հայտնելու համար են հետապնդում: Այնպես որ, սեփական աչքի գերանը չտեսնելով՝ պետք  չէ այլ տեղ փնտրել լուցկու հատիկներ, որոնք չկան: Բնականաբար, պուտինյան ռեժիմը վախ ունի հեղափոխություններից, որովհետև իրենց կառավարման բնույթը և հետևանքներն անխուսափելիորեն հանգեցնում են հեղափոխության, որովհետև այլ տարբերակ, իրավիճակի փոփոխություն չի լինում, և Մարգարիտան՝ որպես պուտինյան ռեժիմի կարկառուն ներկայացուցիչ, պետք է որ վախ ունենա հեղափոխության նկատմամբ և նման ձևով արձագանքից»:

Մարգարիտա  Սիմոնյանն  այն  անձանցից է, ով ևս ստորագրել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարության տակ:

ԳԱԼԱ-ի հարցին՝ այս ամենը զուգադիպությո՞ւն է, թե կրեմլամետ շրջանակների դիրքորոշման ցուցադրություն, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Նա ընդամենը պալատական երգիչ է կամ խոսնակ, իսկ նմանը նմանին կգտնի սկզբունքով, բնականաբար, նա քաղաքական հետապնդումների մասին չի խոսելու, նա պետք է խոսի կոռումպացված, անբուժելի, տոտալիտար  կառավարման արժեքները  կիսող կամ կրող մարդկանց աջակցությամբ: Այստեղ մի կարևոր բան կա, որ հանձին Մարգարիտա Սիմոնյանի՝ այդպիսի արձագանքը կարող է  փաստել, որ պուտինյան ռեժիմն անթաքույց աջակցում է Ռոբերտ Քոչարյանին և իր ձեռքն է վերցրել Քոչարյանի պաշտպանության գործառույթը: Սա ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին միջամտության  փաստ եմ համարում»:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ֆեյսբուքյան օգտատեր «Դիանա Հարությունյանը» կեղծ տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս տեղեկատվությունը շատ արագ տեղ էր գտել իրանական և ադրբեջանական ԶԼՄ-ներում։

 

Անահիտ Չալիկյան

Back to top button