«Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ անշարժ վիճակում պառկած է, նոր հիվանդություններ են ի հայտ եկել». Ա. Մկրտչյան

«Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում, անընդհատ բարձրաձայնում ենք, որ շաքարը բարձր է, պրոբլեմներ կան, բայց հիմա վիճակն ավելի բարդ է, որովհետև երկար ժամանակ անշարժ վիճակում պառկած է, նոր հիվանդություններ են ի հայտ եկել: Մի ժամանակ առաջ եթե ասում էինք, որ շաքարի ցուցանիշն արյան մեջ բարձր է, հիմա էլ ավելի է բարձրացել»:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին:
«Քաղաքացիական հիվանդանոցում է բուժում ստանում, որովհետև դատապարտյալների հիվանդանոցում, բնականաբար, այդ ծանրության հիվանդներին պահելը հնարավոր չէ: Ինքն ունի շաքարային դիաբետ, քաղցկեղ, սրտի հիվանդություն, 30 հիվանդություն ունի» ,-նշեց փաստաբանը:
Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը դատարանին իրենց կողմից ներկայացված միջնորդությունների մերժման մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում:
«Այս գործն իրավական հարթության մեջ չի գտնվում, և իմ կարծիքով, ճնշում կա նաև նախագահող դատավորի վրա: Իրավաբանություն ընդհանրապես չեմ տեսնում այս գործի քննության ընթացակարգում »,-հայտարարեց Մկրտչյանը:
ԳԱԼԱ-ի այն հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կան հերթական դատական նիստից և արդյո՞ք նորից միջնորդություն կամ ինքնաբացարկ կներկայացվի դատարանին, Մանվել Գրիգորյանի փաստաբանը պատասխանեց. «Ճիշտն ասած, որևէ ակնկալիք չունենք դատական նիստից: Դեռևս որոշ բաներ կան, որ մեր պաշտպանական թիմով պետք է համաձայնեցնենք: Կարծում եմ` միջնորդություն կներկայացվի՝ հումանիտար նկատառումներից ելնելով, որ հետո չասենք՝ մարդու կյանքը կարող էինք փրկել, բայց չփրկեցինք, որովհետև Մանվել Գրիգորյանի պատժի դեպքում տեսնում ենք, որ կա քաղաքական որոշում, ոչ թե քրեական հետապնդում:
Քրեական հետապնդման նպատակը մահ պատճառելն է: Զուգահեռներ եթե անցկացնենք այլ մեղադրյալների հետ, կտեսնենք, որ նույն հոդվածներով մեղադրվող ավելի ծանր հանցագործություն կատարած անձինք այլընտրանքային պատիժ կրելուց են օգտվում: Սրանից կարելի է եզրակացնել, որ նպատակը ոչ թե քրեական հետապնդումն է, այլ ֆիզիկական ոչնչացումը»:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։ Նա մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
2019 թ.-ի դեկտեմբերի 17-ին միջնորդություն էր ներկայացվել` խափանման միջոց կալանավորումը վերացնելու՝ այն է երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր նրա պաշտպանների միջնորդությունը:
Անահիտ Չալիկյան