Ի՞նչ է կատարվել «Դալմա Գարդեն մոլ»-ում, ո՞րն է խուճապի պատճառը
Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, ահազանգ է եղել «Դալմա Գարդեն մոլից», որ այնտեղ ցնցումներ են արձանագրվել, լուրեր են տարածվել, որ երկրաշարժի վտանգ կա եւ ահազանգով առեւտրի կենտրոնից տարհանում է իրականացվել:
Խուճապը սկսվել է առեւտրի կենտրոնի 2-րդ հարկի մի հատվածից, որտեղ տեւական տատանումներ են զգացվել: Առաջինն արձագանքել են կենտրոնի աշխատակիցները:
ԱԻՆ օպերատիվ խումբը ժամանել է առևտրի կենտրոն, որպեսզի մարդկանց տեղեկացնի, որ ստորգետնյա ցնցման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Այնուամենայնիվ, ԱԻՆ աշխատակիցները եւ համապատասխան մասնագետներն ուսումնասիրություններ են կատարում առեւտրի կենտրոնի այն հատվածում, որտեղ թույլ տատանումներ են զգացվել:
Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Տիգրան Գիդաչյանը հայտնել է, որ տեղադրվել են համապատասխան գործիքներ՝ շենքի գործիքային ստուգում իրականացնելու եւ կոնստրուկցիաների հետ կապված վտանգը բացառելու համար:
Ըստ նրա՝ դողը կամ թույլ ցնցումը միգուցե պայմանավորված է ինչ-որ շինարարության ծանր ինժեներական տեխնիկայի աշխատանքով:
Ավելի ուշ պաշտոնական տեղեկատվություն է տարածել ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,-նշվում է հաղորդագրությունում։