ՆորություններՏնտեսական

Եղանակային պայմաններն անբարենպաստ են, շատ հնարավոր է աշնանացանը ցրտահարվի

Եղանակային պայմաններն անբարենպաստ են գյուղատնտեսության և հատկապես հացահատիկի մշակման համար: Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

«Ձյան շերտ չկա, և նախորդ տարվա համեմատ աշնանացանը գրեթե ողջ տարածքում առանց ձյան ծածկույթի է, ցանկացած ջերմային ռեժիմի կտրուկ փոփոխություն կարող է ազդել աշնանացանի բերքի վրա, շատ հնարավոր է ցրտահարվի աշնանացանը: Եթե ջերմաստիճանը իջնի -20՝ առանց ձյան շերտի, աշնանացանը կվնասվի»,- ասաց Մանուկյանը:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի խոսքերով՝ եթե եղանակն այս կերպ շարունակվի և ջերմային ռեժիմի տատանում չլինի, ասենք լինի -10, -12, -15, ապա խնդիր չի լինի, և աշնանացանը չի վնասվի, բայց եթե սառը հոսանք մտնի և ձյան շերտ չլինի, -20-ից ցածր ջերմաստիճանի դեպքում հնարավոր է, որ աշնանացանը վնասվի:

Մովսես Մանուկյան

«Մոտավորապես 12000 հեկտար ցանքատարածություն ունենք: Ընդ որում, լեռնային մասում շատ չնչին ցանքեր են՝ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանին է վերաբերում, այնտեղ կա ձյան շերտ և վտանգ չի սպառնում: Հիմնական վտանգը սպառնում է Ախուրյանի տարածաշրջանին, Անիի տարածաշրջանին և Արթիկի ներքին գոտուն»,- նշեց Մանուկյանը:

ԳԱԼԱ-ի հարցին, թե կորուստների և վնասների դեպքում կառավարությունն աջակցություն ցուցաբերո՞ւմ է, Մանուկյանն արձագանքեց.

«Ընդհանրապես, ցանկացած բնական աղետի դեպքում կառավարությունը դիտարկում է օգնության փոխհատուցման խնդիր տվյալ տարվա վերջում: Նախորդ տարի մենք ունեցել ենք և՛ ցրտահարություն, և՛ կարկտահարություն, որից հետո պետությունը մասնակի փոխհատուցում տվել է 2019 թվականի դեկտեմբերին»:

Գյուղատնտես Գևորգ Աբրահամյանը եղանակային պայմանների մասին խոսելիս նշեց, որ կա երաշտ, և դա մեծ վտանգ է ներկայացնում գյուղատնտեսության համար: Նրա խոսքերով՝ եթե այս ամենը երկար շարունակվի և սակավատեղում լինի, միանշանակ, ոռոգման ջրի խնդիր կունենանք:

«Մեր միակ հույսը բնությունն է: Պետությունը ոչինչ չի կարող անել այս հարցում: Պետությունն ուղղակի կարող է ոռոգման ցանցի բարեփոխումներ կատարել, որպեսզի կորուստները հասցնենք նվազագույնի»,- եզրափակեց Աբրահամյանը:

Ավելին
Back to top button
Close