Նորություններ

«Մարդասպանը չի զղջում կատարվածի համար». սպանված անչափահասի ծնողներն արդար հատուցում են պահանջում եւ դիմում են ՀՀ վարչապետին

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիետա Զախարյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում նշում է.
«Հարգարժան պարոն Փաշինյան և աշխարհասփյուռ հայ ժողովուրդ.
Ձեզ դիմում են 2019 թ. դեկտեմբերի 23- ին Արարատի մարզի Մասիս քաղաքում առանձնակի դաժանությամբ սպանված Էդուարդ Պավելի Բեգլարյանի ծնողներն ու հարազատները։

Սրտի խորը ցավով ուզում ենք տեղեկացնել, որ մեր որդին դաժանաբար սպանվել է խաղաղ պայմաններում համադասարանցու ձեռքով ՝ թուրք- ենիչերներին վայել, ստոր մեթոդով՝ դաժանությամբ մորթելով և թալանելով, ինչը մենք տեսանք ապրիլյան քառօրյայում, երբ թուրք- ազերիների ձեռքերով մորթվեցին բազմաթիվ առյուծ զավակներ։

Դաժանաբար սպանվել է ոչ միայն անչափահաս երեխա, այլև զինակոչիկ, որն անցնում էր բուժզննում, որպեսզի 2020 թվականի հունիսին համալրեր հայկական բանակի շարքերը և պաշտպաներ հայրենիքը արտաքին թշնամուց։

Խոր ցավով ուզում ենք տեղեկացնել, որ մարդասպանը հայտարարել է, որ չի զղջում կատարվածի համար և շարժառիթը եղել է միայն թալանը։

Կան ենթադրություններ, որ մարդասպանը կատարել է մի շարք հանցագործություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով չի բացահայտվել։ Մարդասպանը կանխամտածմած կատարել է մեր որդու սպանությունը, որպեսզի դառնա քրեական հեղինակություն՝ «գող» ։

Ցավալի փաստ է, որ նման հանցագործները մեր երկրում ունեն փաստաբան ընտրելու իրավունք։ Մենք սովոր ենք, որ հայ մարդուն սպանողին անվանենք «թուրք» , ապա ինչպես անվանենք «թուրքի» կողմից կատարած հանցագործությունը պաշտպանող փաստաբանին , երևի թե «АДВОКАТ ДЬЯВОЛА» ։
Հարց է ծագում, ի՞նչ խղճով է այդ փաստաբանը ծախսելու արյունոտ փողերը կամ ի՞նչ ոգով է դաստիարակելու իր երեխաներին:

Հարգարժան վարչապետ. խնդրում ենք Ձեր անմիջական վերահսկողության ներքո պահել «թուրք» — մարդասպանի կողմից կատարված հանցագործության քննությունը և դատավարությունը։ Քանի որ մեր երկրում մահապատիժը գոյություն չունի, հետևաբար խնդրում ենք մարդասպանի համար սահմանել ցմահ ազատազրկում:

Իսկ ինչ վերաբերում է մարդասպանի ծնողներին, մեր ցավը և կսկիծը մեղմացնելու նպատակով կուզենայինք նրանք բնակվեին խաղաղ բնակչությունից հեռու հեռավոր ազատագրված տարածքներում, որոնց ազատագրմանը 1993-1994 թվականներին մասնակցել է սպանված Էդուարդի հայրը ՝ Պավել Բեգլարյանը:

Կոչով դիմում ենք ողջ հանրությանը՝ վերոնշյալ ոճիրը չմատնել անտարբերության, կիսվել և տարածել որդեկորույս ծնողների բաց նամակը ։

Մենք գիտենք՝ ինչպես վարվել արտաքին թշնամինների հետ, սակայն չգիտենք ինչպես վարվել մեր ներքին թշնամու հետ. խնդրում ենք հետամուտ լինել , որպեսզի դատավորությունը լինի արդար և անաչառ, մարդասպանը ստանա իր արժանի պատիժը, քանի որ դա կարող է վերաբերվել բոլորին»։

Back to top button
Close