Նորություններ

«Շատ հարցեր այսօր լուծվում են անօդաչու թռչող սարքերի միջոցով». Գյումրին կդառնա՞ ԱԹՍ-ների մոդելավորման կենտրոն

Կուտակած 150.000 դրամը դարձավ նոր մտքերի և բիզնես նախագծի իրականացման լավագույն միջոցը: Ջրի վրա լողացող ինքնաթիռները սկսեցին թռչել օդում: Եվ հենց այսպես էլ Գյումրիում ստեղծվեցին ավիամոդելավորման և հրթիռաշինության խմբակները՝ համախմբելով տարիքային տարբեր խմբերի և տարբեր սեռերի ներկայացուցիչների:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Գյումրիի ավիամոդելավորման և հրթիռաշինության խմբակների տնօրեն Խաչատուր Թադևոսյանը պատմեց, թե ինչպես են սկսվել աշխատանքները.

«Սկզբնական շրջանում ուզում էին ինչ-որ ռազմական նշանակության անօդաչուներ սարքել, դրա համար թիմ էր հավաքվում: Այդ թիմի մեջ ինձ էլ ներգրավեցին, քանի որ Գյումրիում միայն ես էի տիրապետում այդ գործին»:

ԳԱԼԱ-ի զրուցակիցը նշում է, որ արդեն ունեն հագեցած լաբորատորիաներ, որոնց միջոցով ցանկացած արտադրանք հնարավոր է թողարկել:

Թադևոսյանի խոսքերով՝ նպատակներ կան ճամբարներ կազմակերպելու, և այդ ճամբարների ընթացքում և՛ տղաները, և՛ աղջիկները պետք է սովորեն անօդաչու սարքեր կառավարել, հավաքել ձեռքի տակ եղած նյութերից և լուրջ խնդիրներ կարողանան կատարել ցանկացած պահի, եթե անհրաժեշտություն կա:

«Այս ամենը հիմա շատ արդիական է, և շատ հարցեր այսօր լուծվում են անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ այդ թվում փոստային առաքումներ, բնապահպանական նկարահանումներ, քարտեզագրումներ: ԳԱԱ-ից առաջարկ ենք ստացել խառնարանները նկարել, ունեինք տուրիստական ծրագիր, որը ստարտափ էր, մասնակցեցինք և առաջին տեղը գրավեցինք: Նպատակը հետևյալն էր. մի քանի հոգանոց տուրիստական խումբ գալիս է Հայաստան, կամ հենց Հայաստանից ներգնա տուրեր կարող են լինել, ովքեր 5-6 հատ ինքնաթիռ են թռցնում՝ մոտավորապես 40-50 կմ շառավիղով, օրինակ, Գյումրիից Ամասիա, որի ընթացքը կտեսանկարահանվի՝ ամեն մեկից առանձին-առանձին, նաև իրենք իրենց կտեսնեն, թե որն է ավելի առաջ կամ որը հետ մնաց, և այս ամենը մի հատ էլ անալոգային է նկարվում»:

Ավիամոդելային խմբակի տնօրենը նշում է, որ հետագայում նախատեսվում է պայմանավորվածություններ ձեռք բերել ՀԿ-ների հետ, որոնք կբերեն այնպիսի մարդկանց, ովքեր տեղաշարժվելու հետ խնդիրներ ունեն, նրանք կկարողանան առանց խոչընդոտների տեսնել ցանկացած վայր:

«Սա լավ միջոց է երկիրը «չտրորելու» և այն վերևից տեսնելու համար: Այստեղ մարկետինգային քայլեր ևս կան, ինքնաթիռը վարում է հենց այցելուն, ոչ թե մենք, նա կկարողանա շարժվել տարածության մեջ, բայց մոդելը գցել չի կարողանա»,- նշեց Խաչատուր Թադևոսյանը:

Խմբակի տնօրենը նշում է, որ հիմնական խնդիրն աշխատողների պակասն է, աշակերտները դեռ այնքան չեն հմտացել, որ կարողանան լիարժեք օգնել:

Ավիամոդելների ստեղծմանը կարող են մասնակցել տարբեր տարիքային խմբեր, և միակ պայմանը սերն է ու համբերատարությունը, մնում են նրանք, ովքեր սիրում են աշխատանքը և կարողանում են համբերատար սպասել արդյունքին: Մոդելների ստեղծումը պահանջում է ժամանակ, ջանքեր և համբերություն, հատուկ հմտություններ չեն պահանջվում:

Ֆինանսավորող չունեն և անհրաժեշտ պարագաները ձեռք են բերում անձնական միջոցներով:

Հիմա զբաղված են հաստոցի աշխատանքներով: «CNC հաստոցը նախատեսված է շաղափային աշխատանքներ կատարելու համար, հնարավոր է ստեղծել ցանկացած մոդել, փորագրել ինչ-որ պինդ նյութի վրա ու հետո դրա վրա ստանալ պատրաստի թևը կամ թևի կաղապարը: Փորձում ենք գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, քանի որ այն բավականին մեծ ներուժ ունի, և ամբողջ աշխարհը հիմա դրան է գնում, կան շատ գործեր, որ սրանով կարող են անել»:

Թադևոսյանի խոսքերով՝ սա ուղղակի խմբակ չէ, սա լուրջ և պահանջված մասնագիտություն է, այստեղ հաճախող ցանկացած երեխա անվճար հիմունքներով կարող է ընդունվել Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Իրենք են նշում, որ այստեղ 1 տարվա ստացած հմտություններն ավելի կարևոր են, քան ֆիզիկայից կամ մաթեմատիկայից ամենաբարձր բալեր հավաքելը:

 

Ռիմա Խաչատրյան

Ավելին
Back to top button
Close