Նորություններ

Ինքնակամ ոստիկանություն է ներկայացել ՊՆ 47-ամյա ծառայողին և նրա 16-ամյա տղային դանակահարողը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 8-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ) և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների կողմից կատարված միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Վրացական փողոցի բնակիչ՝ 33-ամյա Հայկ Ազիզյանը։

Ինչպե հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, վերջինս կասկածվում է հունվարի 3-ին Վրացական փողոցի 17 շենքի մոտ 47-ամյա Հայկ Հ-ին և նրա 16-ամյա տղային դանակահարելու մեջ։ Կասկածյալ Հ. Ազիզյանը ոստիկանության Արաբկիրից բաժնից տեղափոխվել է Արաբկիրի քննչական բաժին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23: 25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Հայկ Հ.ն է: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, հերթական ահազանգն էր ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «վերջույթների շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս անգամ նշված բժշկական կենտրոն էր մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգոր Մեսրոպյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գասպարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Ռաֆայել Հ.-ն է: Ըստ 2 բժշկական կենտրոնների բժիշկների հայտնածի՝ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկություններով պարզվել էր՝ ով էր կասկածյալը և Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու անչափահասների գործերով բաժինների իրենց գործընկերների ու Արաբկիրի քննչական բաժնի խմբի հետ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, Վրացական փողոցի 17 շենքի բակում նշված անձանց իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ էր հասցրել նույն փողոցի բնակիչ, 33-ամյա Հայկ Ա.-ն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Back to top button
Close