Նորություններ

16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող երիտասարդը կալանավորվեց

Դատարանը քիչ առաջ բավարարել է 16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27- ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին՝ ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան:

Հունվարի 6-ին ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները կասկածյալին՝ Երևանի բնակիչ, 27-ամյա երիտասարդին հայտնաբերել են մայրաքաղաքի Աբովյան փողոցում ու բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էին սպանված աղջկա պլանշետն ու դանակ։

Back to top button
Close