Նորություններ

«Եթե փորձեն քվեարկություն անցկացնել, բնակչության մեծամասնությունը կտրականապես դեմ կարտահայտվի համայնքների խոշորացմանը»

Համայնքների խոշորացման հարցը հանրապետության տարբեր բնակավայրերում տարակարծությունների և դժգոհությունների տեղիք է տալիս:

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի համայնքապետ Արտաշես Սահակյանը կողմ չէ խոշորացմանը. «Ես բավականին նվիրված եմ իմ գյուղին և աշխատանքին, եթե կառավարությունն ինձ մի քիչ ավելի դոտացիա տա, ես տեխնիկա ձեռք կբերեմ և ամեն ինչ կանեմ գյուղի համար, և մեզ մոտ ծիլերը կերևան»:

Սահակյանի խոսքերով՝ խոշորացման նպատակը 4 գյուղերի բյուջեն մեկտեղելն է.

ԳԱԼԱ-ի հարցին, թե որ համայնքն է դառնալու կենտրոն, Սահակյանը պատասխանեց. «Որ համայնքապետին էլ հարցնես, ասելու է՝ իմ համայնքը: Ոսկեհասկը, որպես մեծ համայնք, իր չափորոշիչներով, բնական է, որ պետք է լինի կենտրոնը: Եվ ի՞նչ նշանակություն ունի, որ, օրինակ, Առափին ավելի մոտ է քաղաքին»:

Համայնքապետի հավաստմամբ՝ անգամ հարակից գյուղերում, օրինակ, Ախուրիկում, կողմ են, որ կենտրոնը լինի Ոսկեհասկը:

Հարցին, թե արդյոք աշխատանքները կենտրոնացված այս համակարգով արդյունավետ կլինեն և բարդություններ չեն առաջացնի, համայնքապետը պատասխանեց.

«Իմ աշխատակազմի ցանկացած աշխատող իր աշխատանքը շատ լավ է պատկերացնում, և այս առումով ոչ մի խնդիր չի առաջանա»:

Համայնքապետը նաև նշեց, որ բնակիչները ևս դեմ են խոշորացմանը: Սահակյանի կարծիքով՝ եթե փորձեն քվեարկություն անցկացնել, կտեսնեն, որ բնակչության մեծամասնությունը կտրականապես դեմ կարտահայտվի խոշորացմանը.

«Այս գործընթացը, հատկապես Ոսկեհասկում, ռիսկային է այն առումով, որ եթե աշխատատեղ կրճատվի, կսկսվի արտագաղթ գյուղից»:

Առափիի համայնքապետ Ալբերտ Այվազյանը հրաժարվեց այս թեմայի շուրջ խոսել՝ պատճառաբանելով, որ թեման վիճահարույց է, ինքը պետական աշխատող է և ճիշտ չէ կարծիք հայտնելը, քանի որ եթե նշի, որ կողմ չէ, գյուղացիներն ասելու են՝ իր պաշտոնի մասին է մտածում, եթե ասի՝ կողմ է, ասելու են՝ մեր գյուղապետը մեր թշնամին է:

«Մեր քարը ծանր է»,- եզրափակեց Այվազյանը:

Իսկ Հայկավանի համյանքապետ Սամվել Մխոյանը, անդրադառնալով համայնքների խոշորացման առավելություններին և թերություններին, նշեց.

«Ամբողջ միտումը ֆինանսական միջոցների համակենտրոնացումն է: Այսպես կարելի է ավելի մեծ խնդիրներ լուծել: Բայց ես գտնում եմ, որ միայն ֆինանսականով չի կարելի առաջնորդվել, յուրաքանչյուր համայնք ունի իր կոլորիտը և առանձնահատկությունները, և

բացի ֆինանսականից, այնպես չէ, որ բոլոր հարցերը կլուծվեն առանց դժվարության: Մեր մարզը և ընդհանուր մեր հանրապետությունն իրենց չափերով այնքան փոքր են, որ հնարավորություն կա, որ գույքագրվեն բոլոր մարզերի կամ բոլոր համայնքների հիմնախնդիրները և վերջնական լուծումներ տրվեն այդ խնդիրներին: Այս համայնքի բնակիչները ևս դեմ են խոշորացմանը:

Եթե դրանով ինչ-որ պետական խնդիր է լուծվելու, և բնակչությունն ավելի բարվոք կյանքով է ապրելու, և մեր հիմնախնդիրները լուծում կստանան, վերևում գուցե մեզնից ավելի լավ են այդ ամբողջը տեսնում»:

Համայնքապետը նշեց, որ իրենց համայնքը միանալու է Ախուրիկին, Ոսկեհասկին և Առափիին.

«Մենք մեր տարբերակն առաջարկեցինք, ասացինք, որ եթե ուրիշ ելք չկա, և խոշորացումը պարտադիր պայման է, ապա ճիշտ կլինի, որ Ախուրիկ, Ոսկեհասկ, Առափի և Հայկավան գյուղերը մի համայնքի մեջ մտնեն: Կենտրոն լինելու նախապատվությունը տրվում է ավելի մեծ գյուղերին, ամենամեծ գյուղն էլ Ոսկեհասկն է, բայց մենք տարբերակ էինք առաջարկել, որ բնակավայրերը մնան իրենց անուններով, որպեսզի ոչ մի բնակավայրից կամ համայնքից որևէ մեկը չնեղսրտի, թե մեր համայնքն ինչու կոչվեց այս կամ այն գյուղի անունով: Բայց այս ամենը քննարկման փուլում է»:

Մխոյանի հաշվարկներով՝ իրենց գյուղում խոշորացումից հետո մոտ 10 աշխատատեղ կփակվի:

Back to top button
Close