Նորություններ

«Պայմանները բարվոք են, հետևաբար, դա չի կարող ծննդատան փակման պատճառ հանդիսանալ». Մարալիկի ծննդատան տնօրեն

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում լարված իրավիճակ է: Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի մի հատվածը: Ակցիայի պատճառը Մարալիկի ծննդատունը փակելու վերաբերյալ կառավարության որոշումն է:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Մարալիկի ծննդատան տնօրեն Վռամ Մելիքյանը խոսեց բուժհաստատության գործունեությունը դադարեցնելու պատճառների մասին:

Հարցին՝ արդյո՞ք ծննդատան գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ համապատասխան որակավորմամբ մասնագետի պակասի պատճառով մահվան դեպքեր են գրանցվել, քանի որ ըստ առողջապահության նախարարության տարածած պարզաբանումների՝ ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ինչը ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, տնօրենը պատասխանեց. «Նման դեպքեր չեն գրանցվել: Պատճառն այն է, որ ծնունդների քանակն է քիչ»:

Համաձայն առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։

Վռամ Մելիքյանը նշեց նաև, որ ծննդատունն ապահովված է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, շենքային պայմանները նույնպես բարվոք են, հետևաբար, դրանք չեն կարող ծննդատան փակման պատճառ հանդիսանալ:

Իսկ ինչպե՞ս է լուծվելու այն աշխատակիցների հարցը, ովքեր ծննդատան փակման արդյունքում փաստացի կզրկվեն իրենց աշխատանքից: Հարցին տնօրենն արձագանքեց. «Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ կլինի: Նախարարությունը, ըստ երևույթին, շուտով պարզաբանումներ կկատարի այդ հարցերի վերաբերյալ»:

 

 

 

Back to top button
Close