ՄիջազգայինՆորություններ

Շիաների առաջնորդ Ալ-Ղազալին իրաքցիների անունից խոստացել է հարված հասցնել ԱՄՆ-ին

Իրանը կատարեց առաջին քայլը՝ ի պատասխան ԱՄՆ-ի ագրեսիայի, այժմ եկել է իրաքցիների գործելու հերթը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի աջակցությունը վայելող «Ասայիբ Ահլ ալ-Հաք» շիական խմբավորման ղեկավար Քայիս ալ-Ղազալին:

«Եկել է առաջին պատասխանը տալու  ժամանակը՝ նահատակ հրամանատար Աբու Մահդիի սպանության համար»,-ասել է Ալ-Ղազալին: Աբու Մահդին Իրաքի շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալն էր, ով ամերիկյան զինուժի հրթիռակոծության հետեւանքով սպանվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ՝ հունվարի 3-ին:

«Քանի որ Իրաքի ժողովուրդը խիզախ է եւ լեցուն խանդավառությամբ, ապա նրանց պատասխանը ոչ պակաս լուրջ կլինի, քանի իրանցիներինն էր: Դա խոստում է»,-ասել է շիական խմբավորման առաջնորդը:

ԱՄՆ-ը ավելի վաղ «Ասայիբ Ահլ ալ-Հաք» շիական խմբավորումը ճանաչել էր որպես ահաբեկչական կազմակերպություն:

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ Իրանը պատրաստ է հարձակում գործել ամերիկյան եւս 100 օբյեկտի վրա, եթե Վաշինգտոնը պատասխան հարված հասցնի:

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Back to top button
Close