Նորություններ

«Հայաստանն այս լարված իրավիճակից կկրի միայն տնտեսական վնաս»

Արդեն մի քանի օր է՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության լուրն է և դրան հաջորդած մտահոգիչ իրադարձությունները:

ԱՄՆ — Իրան հարաբերությունների աննախադեպ լարվածության ֆոնին հնչում են բազմաթիվ կանխատեսումներ, թե Իրանն ինչպիսի պատասխան կտա, և ինչպիսի հնարավոր զարգացումներ կարող են լինել։

Մինչ միջազգային հանրությունը, տարածաշրջանային պետությունները քաղաքական ու դիվանագիտական ջանքեր են գործադրում կողմերին հանդարտեցնելու և լարվածության հետագա աճը կանխելու համար, Իրանն առաջին հարվածը հասցրեց. հրթիռակոծվեց Իրաքի Այն ալ Ասադ քաղաքի ամերիկյան բազան: Ըստ իրանական պետական հեռուստաընկերության՝ զոհվել են առնվազն 80 «ամերիկացի ահաբեկիչներ», վնասվել են ամերիկյան ուղղաթիռներ և ռազմական տեխնիկասարքավորումներ:

ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ — Իրան լարված հարաբերություններին, հակամարտությունից բխող վտանգներին:

«Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանն Իրանը տալու է, բայց մենք չենք կարող կանխավ ինչ-որ բան ասել՝ ինչպես կամ որտեղ կլինի այդ պատասխանը: Երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Իրանի տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի»,- կարծիք հայտնեց Սարգսյանը:

ԳԱԼԱ-ի հարցին՝ եթե Վաշինգտոնին ու Թեհրանին չհաջողվի թուլացնել լարվածությունը, և տարածաշրջանում ռազմական գործողություններ սկսվեն, ի՞նչ վտանգներ կարող են սպառնալ տարածաշրջանի երկրներին և մասնավորապես Հայաստանին, միջազգայնագետը պատասխանեց. «Հակամարտող երկրների տարածքում ռազմական բախումներ չեն լինի, այս դեպքում հարվածի տակ երրորդ երկիրն է: Հայաստանը, որպես հարևան և բարեկամ երկիր, այս լարված իրավիճակից կկրի միայն տնտեսական վնաս»:

Սուրեն Սարգսյանը, խոսելով ԱՄՆ — Իրան հակամարտության սրման վերաբերյալ հայաստանյան իշխանությունների դիրքորոշման մասին, մեջբերեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Օրեր առաջ ՀՀ վարչապետը նշել էր. Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր»:

 

 

Back to top button
Close