Նորություններ

Մարտի մեկի դիպուկահարի ընկերը պահանջում է, որ իրեն հարցաքննեն ստի դետեկտորի միջոցով. forrights.am

Աշխարհի տարբեր երկրներում ընդունված են մարդու հոգեֆիզիոլոգիական պարամետրերը հատուկ սարքավորումների, այդ թվում՝ ստի դետեկտորի միջոցով չափելու մեթոդները: Հայաստանում դրանք չեն օգտագործվում: Չկա ստի դետեկտորի օգտագործման մասին օրենք: Մինչդեռ այսօրվա քրեադատավարական պրակտիկայում այդպիսի մեթոդների անհրաժեշտությունը ակնհայտ է:

Կարատեի նախկին մարզիչ Սամվել Այվազյանը, որին դատում են վանաձորցի քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի՝ Շալոյի դեմ մահափորձ կազմակերպելու համար, Forrights.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է դատարանից պահանջել հարցաքննություն ստի դետեկտորի՝ պոլիգրաֆի միջոցով:

2018 թվականի նոյեմբերից Սամվել Այվազյանին փորձում էին կապել նրա ընկերոջ, մարտի 1-ի դիպուկահարներից մեկի՝ Եվգենի Կաչակի, սպանության հետ:

Դիպուկահարի՝ հատուկ ջոկատային Եվգենի Կաչակի դին հայտնաբերվել է 2017 ապրիլի 29-ին՝ Երեւանի գերեզմանատներից մեկում, բռնության հետքերով:

Սամվել Այվազյանին այս գործի շրջանակներում հարցաքննել էին առանց դատավարական կարգավիճակի, սակայն ոչ մի կերպ չէին կարողացել նրա վրա «կախել» այս սպանությունը: Թե ով է սպանել Կաչակին, հարցը մնում է օդում կախված:

Իսկ դիպուկահարի ընկրոջը՝  Սամվելին, ի վերջո մեղադրեցին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստության համար /ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ/, որը նախատեսում է ընդհուպ ցմահ ազատազրկում: Ըստ մեղադրանքի, Այվազյանը որպես քիլլեր վարձել էր Եվգենի Կաչակին:

Այս գործը Երևանի ընդհանոր իրավասության դատարանը դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ սկսել է լսել նոյեմբերին:

Սամվել Այվազյանը առաջարկում է իր դեմ ցուցմունք տված վկաներին, նաև գործով եզրակացություն տված փորձագետին հարցաքննել պոլիգրաֆի միջոցով, կամ ինչպես ասում են՝ ստի դետեկտորի:

Այվազյանի դեմ ցուցմունք է գրել Եվգենի Կաչակի ընկերուհին՝ Իննա Իվանովան: Իր կողմից փոփոխված ցուցմունքով, նա հայտնել է, որ Այվազյանը Կաչակին, իբր, օպտիկական հրացան է ցույց տվել: Իսկ Այվազյանը վստահեցնում է, որ ոչ ինքը, ոչ էլ Ժենյան օպտիկական հրացան, և առհասարակ որևէ զենք չեն ունեցել:

«Այն ի 99,9 տոկոսի ճշգրտություն է ապահովում: Ես պահանջում եմ, որ ինձ, իմ ցուցմունքները ստուգեն այդ գործիքով: Ինձ ակնհայտ շառ են անում: Երկու վկաներ կեղծ ցուցմունքներ են տվել, և ես ոչ մի տարբերակ չունեմ ապացուցելու, որ նրանք ստում են: Իմ մեղքը հիմնավորող ապացույց չկա, քննիչների ձեռքին ընդամենը այս երկու կեղծ ցուցմունքներն են: Նման դեպքերի համար, ինչպես իմն է, ստի դետեկտորը ճշմարտությունը պարզելու իդեալական տարբերակ է: Ես առաջիկա նիստում դատարանին առաջարկելու եմ այն կիրառել: Ես վկաներին էլ եմ ուզում բերել, ու պահանջել, որ իրենք էլ դետեկտորով ցուցմունք տան: Ես համոզված եմ, որ իմ պատասխանները բոլորը «դրական» են գնահատվելու, իսկ նրանցը՝ բացասական», — ասում է Սամվել Այվազյանը:

Մեր առարկությանը, որ դետեկտորի օգտագործման իրավական հիմքեր չկան, նա պատասխանում է.

«Կարելի է օրենքում փոփոխություն մտցնել: Դա դժվար չի: Ոչ սահմանադրության փոփոխություն է պահանջում, ոչ էլ երկար ժամանակ ու ջանքեր: Ստի դետեկտորը մի ձև է, անմեղ մարդկանց բացահայտելու: Եթե մարդը դեմ է դետեկտորով անցնելու, ապա միայն նրա դեմ լինելու հանգամանքը արդեն կարող է դատարանում դեր խաղալ ճշմարտությունը բացահայտելու համար: Ես չեմ հասկանում, թե ինչու է մեզ մոտ ուշանում դետեկտորի օգտագործումը»:

Նախաքննության ընթացքում Սամվել Այվազյանի  կալանքի ժամկետը երկարացվել է 5 անգամ, սակայն դատարանը, ի վերջո, համարել է, որ կալանքի հիմքեր չկան: Սամվել Այվազյանը ազատության մեջ լինելով է մասնակցում գործով դատավարությանը, սակայն  ամեն րոպե սպասում է, որ կրկին կկալանավորվի:

 

Սյուզան Սիմոնյան

forrights.am

Ավելին
Back to top button
Close