Նորություններ

Երևանում 16-ամյա աղջնակի դաժան սպանության կասկածանքով հայտնաբերվել է ՀՀ ՊՆ 27-ամյա ծառայող

Բացահայտվել է երեկ՝ հունվարի 5-ին, Երևանում 16-ամյա աղջնակի սպանությունը։

Ոստիկանության կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հաշվառված 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանը, ով կասկածվում է 16-ամյա աղջկան սպանելու մեջ։

Քննիչի որոշմամբ Ռ. Սուքիասյանը ձերբակալվել է։

Shamshyan.com -ի տեղեկություններով՝ նա ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Հիշեցնենք՝ երեկ, ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել էին 16-ամյա Ս. Կ-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել էր խեղդամահ արվելու հետևանքով։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էր ժամանել նաև Կենտոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների դատախազ Վ. Ջանազյանը։

Սպանության կասկածանքով ձերբակալված 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close