ՆորություններՔո ձայնը

ԱՄՆ-ն Իրանից հավանաբար նույնքան ցավոտ և համաչափ հարված կստանա. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ին ու անձամբ Թրամփին ոչինչ չի տալու: Սա սխալ հաշվարկված մեկքայլանի գործողություն էր, առանց ռազմավարության ու մարտավարության:

1. Թրամփի վարկանիշի աճ չի արձանագրվել, տեղի է ունեցել հակառակը:
2. Իմպիչմենտի վրա այս քայլը ազդեցություն չի ունենալու: Դրական իմաստով չի ունենալու նաև վերընտրվելու հնարավորության վրա (չմոռանանք Քարտերին, ով չվերընտրվեց Իրանի քաղաքականության տապալման պատճառով):
3. Վաշինգտոնում ներքաղաքական կրքերն ավելի են բորբոքվել:
4. Բացի դեմոկրատներից, Թրամփի այս քայլի հետ համաձայն չեն եղել նաև իր իսկ վարչակազմում:
5. ԱՄՆ-ն Իրանից հավանաբար նույնքան ցավոտ և համաչափ հարված կստանա:
6. Այս քայլով Իրանի քաղաքականության փոփոխություն և Իրանի զսպում տարածաշրջանում տեղի չի ունենա:
7. Այս քայլի արդյունքում Իրանի ժողովուրդը համախմբվելու է իշխանության շուրջ, այսինքն ներքին ընդվզումը թուլանալու է:
8. Չնայած պատերազմ չի լինի Իրանի կամ ԱՄՆ տարածքում, բայց պրոքսի պատերազմները կթեժանան՝ լայնացնելով աշխարհագրությունը:
9. Դրանք առավել ցցուն կլինեն Սիրիայի, Իրաքի, չի բացառվում նաև Լիբանանի տարածքում, որտեղ տեղակայված է Հեզբոլլահը:
10. Իրաքից ԱՄՆ ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը այս երկրի համար ծանր հետևանքներ կունենա: Բաղդադը Վաշինգտոնի հետ արդեն իսկ գնում է բաց հակասությունների, որոնք հասան իրենց գագաթնակետին սպանությունից հետո:
11. Իրավիճակից բնականաբար կօգտվեն ահաբեկչական խմբավորումները: Սա նոր և լայն հնարավորություն է կիսամեռ Իսլամական պետության համար, որը գաղափարական միավորում է, հետևապես վերածնվելի:
12. Սա նոր հնարավորություն է նաև քրդերի համար:
13. Նոր մարտահրավեր Թուրքիայի համար, որը պարբերաբար ներխուժում է Իրաքի տարածք քրդերին հարվածելու համար:
14. Հայաստանին սպառնացող հիմնական վտանգը վերաբերելի է հայկական սփյուռքին, մանավանդ Լիբանանում և Սիրիայում:
15. Այլ վտանգ է իրենից ենթադրում պրոքսի բախումների հնարավոր հեռանկարը Հարավային Կովկասում, այդ թվում Հայաստանի տարածքում: ԱՄՆ և Իրանի հատուկ ծառայությունները կարծես վաղուց են օգտվում Հայաստանի տարածքից միմյանց դեմ աշխատելու համար:

Back to top button
Close