Նորություններ

Ողբերգական ավտովթար Երեւանում. 31-ամյա վարորդը Mazda 6-ով բախվել է էլէկտրասյանը. Վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երեկ` հունվարնի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երեւան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 31-ամյա Կարեն Կարագյոզյանը իր վարած Mazda 6 մակնիշի 01 MZ 202 համարանիշի ավտոմեքենայով Գուրգեն Մահարու փողոցից դեպի Նոր Արեշ 50-րդ փողոց ընկած ճանապարհահատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, եւ Նուբարաշենի խճուղու կենտրոնական գերեզմանատան հարեւանությամբ, բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը, տապալել այն եւ գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, այնուհետեւ ժամանել է թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատը:Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, Երեւանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի եւ հատկապես կարեւոր գործերով քննիչ Հ. Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները, քանի որ սյան տապալման հետեւանքով մի քանի փողոցներ ու հարակից տներ հոսանքազրկվել էին,

էլեկտրոցանցի աշխատակիցները կարճ ժամանակում վերացրեցին խնդիրը, որպեսզի էլեկտրամատակարարումը վերականգնվի:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետեւ դարձի բերել եւ այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close