ՆորություններՍպորտ

Անդրեաս Ֆինկել. Փոստատար երաժիշտը, ով ֆուտբոլը դիտում էր ջազի հնչյունների ներքո

Նայել ներքև, վերցնել դրամապանակը և իրականացնել սեփական երազանքը.

Ահա այս երեք քայլն է, որ երբեմն կանխորոշում է ապագան, սփոփում է անցյալի վերքերը և տալիս է հրաշք կոչվող եզրույթի բանաձևը:

Armsport.am-ը ՝ տոնական այս օրերին, ձեզ է ներկայացնում մի փոքրիկ հրաշքի պատմություն, որը հուսով ենք մեծ հետք կթողնի ձեր սրտերում:

Սա սովորական պատմություն չէ: Այստեղ չկան տրանսֆերային արժեքներ, շողացող մեդալներ ու ցնծացող երկրպագուների գոչյուններ:

Եվ այսպես. անջատում ենք անվերջ աղաղակող հեռուստացույցը, մի կողմ ենք դնում խրթխրթան թխվածքաբլիթը և մեզ հետ միասին վայելում ենք այս սպորտային հրաշքի պատմությունը:

Ֆինլանդիա. փորձեք մտաբերել, թե ինչ գիտեք այս յուրահատուկ երկրի մասին: Կարող եք մտաբերել, որ այնտեղ բավական ցուրտ է, կյանքի որակը լավագույններից է աշխարհում և իհարկե՝ ֆինները խելագարվում են շոգեբաղնիքների համար:

Բացի այդ, Ֆինլանդիայում գողությունների տոկոսը այնքան ցածր է, որ ոստիկանության այդ ստորաբաժանումները հաճախ պարապուրդի են մատնվում: Սակայն, կարծես ճակատագրի հեգնաքով կամ նախախնամությամբ, մեր պատմության գլխավոր հերոսը իր երազանքին հասավ հենց այդ միջոցով:

Անդրեաս Ֆինկել. ցավոք, այս անունը ոչինչ չի ասում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին: Ավելին, այն ոչինչ չի ասում նաև ավելի տարեցներին:

Այս նորվեգացի տղամարդու անունը առանձնահատուկ հրճվանք չէր առաջացնում նաև նրա կնոջ՝ Մետեյի մոտ: Ամուսինները ուսանողական տարիներին տեղափոխվել էին Ֆինլանդիա, որտեղ էլ ապրում էին բավական համեստ կյանքով: Սկանդինավյան հին ասույթը նշում է՝ երբ ձանձրալի նորվեգացին ամուսնանում է պահանջկոտ շվեդուհու հետ, դրանից միշտ շահում է խորամանկ դանիացին:

Անդրեասը՝ հասարակ փոստային աշխատակից, ով աչքի չէր ընկնում տղամարդկային հմայքով և նախաձեռնողականությամբ, վարում էր անշուք ու անհետաքրքրիր կյանք: Բացի աշխատանքից, Ֆինկելին այս կյանքում հետաքրքրում էր երկու բան ՝ ջազը և ֆուտբոլը:

Անվերջանալի պարտքերը, չիրականացած խոստումները մի օր հանգեցրին այն բանին, որ 38-ամյա տղամարդը ծանոթացավ վերոհիշյալ ասույթի հետ: Նրա կինը՝ անտեսելով «հայկական ավանդական ընտանիքի» բոլոր կանոնները, հավաքեց իրերը և իր դանիացի սիրեցյալի հետ հեռացավ ամուսնուց:

Եվ ահա, այն պահին, երբ թվում էր ՝ կյանքը սլանում է դեպի անխուսափելի անդունդ, տեղի ունեցավ շրջադարձային իրադարձությունը:

1989 թվականի դեկտեմբերի 22-ն էր: Ճակատագրի կողմից բազմաթիվ ապտակներ ստացած Անդրեաս Ֆինկելը այդ օրը մասնակցում էր Pori Jazz ջազային փառատոնին: Այն բավական հայտնի փառատոն է ,որը կազմակերպվում է ամռանը և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ:

Առաջին հայացքից անշուք թվացող այս մարդը, ով դուրս էր մնացել կյանքի ռիթմից, իրեն հրաշալի էր զգում ջազային ռիթմերի ներքո: Pori Jazz-ին մասնակցում են, թե պրոֆեսիոնալները, թե սիրողական կատարողները: Այնտեղ տիրում է ուրախ և անկաշկանդ մթնոլորտ՝ պարեր, խաղեր ու մրցույթներ:

Եվ ահա, ֆիննական փոստային ծառայության երաժշտական թիմը սկսում է նվագել My Funny Valentine կատարումը: Եթե մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ֆրենկ Սինատրան կարող էր դժգոհ մնալ կատարման մեջ առկա կեղծ նոտաների քանակից, ապա կատարումը կարող էինք հաջողված համարել:

Փառատոնը ավարտված էր, և եվրոպական անվերջանալի լավատեսությամբ լցված հյուրերը, պատրաստվում էին լքել բացօթյա խնջույքը: Ոգևորված շլացուցիչ հաջողությունից, Անդրեասը և իր ընկերները որոշում են հաջողությունը նշել տեղի գարեջրատներից մեկում:

Եթե ծանոթ չեք եվրոպական գինարբուքներին, ապա կարող եք պատկերացնել հայկականները, պարզապես օղուն և գարեջրին ավելացնում ենք սկանդինավյան «սառը» և յուրահատուկ հումորը, և ամբողջական պատկերն արդեն առկա է:

Եվ ահա, երեկոյի ավարտին Ֆինկելին է մոտենում մատուցողը և հարցնում. «Պարոն, սա ձե՞ր դրամապանակն է»: Ֆինկելը զարմացած նայում է իր աթոռի կողքին ընկած դրամապանակին: Մի կողմ դնելով բարեվարքության բոլոր կանոնները, և կարծես ՝ փորձելով ճակատագրից հետ ստանալ իր կյանքի ընթացքում ստացած բոլոր ապտակների վարձավճարը, օրինապահ քաղաքացի Անդրեաս Ֆինկելը ստում է և վերցնում է դրամապանակը:

Իր հուշերում նա պատմում է. «Ինձ համար այդ աննախադեպ արարքից հետո, ես շտապեցի լքել գարեջրատունը՝ փորձելով փախչել, թե դրամապանակի իրական տիրոջից, թե ինձ հետապնդող խղճի խայթից»:

Կարծում եմ՝ ձեզ կհետաքրքրի, թե որքան արժեցավ Ֆինկելի խիղճը: Դրամապանակում կար` 297.000 ֆիննական մարկ, որը եթե վերածենք եվրոյի, ապա կստացվի մոտ 7000 եվրո:

Իհարկե, նոր կյանք սկսելու և շիկահեր մոդելներին գրավելու համար դա բավարար գումար չէր, բայց 30 տարի առաջ այդ գումարով Ֆինկելը կարող էր բնակարան գնել, որը նրա կինը խլել էր Անդրեասից, սակայն, նորվեգացի փոստատարը արդեն որոշել էր, թե ինչպես է օգտագործելու այդ գումարը:

Իր նախկին կյանքից հոգնած այս տղամարդը գնում է իր երազանքների մեքենան՝ Citroen DS Pallas, ապա մնացած գումարով ձեռք է բերում երաժշտական անհրաժեշտ գործիքները և սկսում թափառական երաժիշտի կարիերան:

Եվ այսպես, նախկին փոստային աշխատակիցը հավաքեց իր բոլոր իրերը և իր ընկերների հետ սկսեց շրջել ամբողջ Սկանդինավիայով: Զարմանալի է, բայց ընդամենը 2 տարվա ընթացքում նախկին անհաջողակը վերածվեց ջազային սիրողական փառատոնների իրական աստղի: Նրա երաժշտական խումբը հրավիրվում էր տարբեր հավաքույթների ու հասարակական միջոցառումների՝ ստանալով բարձր հոնորարներ:

1991 թվականին խումբը հրավիրվում է ֆիննական Պորի քաղաքի՝ ՊՊՏ սիրողական ֆուտբոլային ակումբի 80 ամյակին նվիրված տոնակատարությանը: Նա չէր կարող մերժել այդ առաջարկը, քանի որ դա Անդրեասի սիրելի ակումբն էր: Այստեղ նա հանդիպեց ակումբի սեփականատեր Կառլ Պրոմյոնի հետ և ստացավ իր կյանքի ամենաանսպասելի առաջարկը:

«Լսիր Անդրեաս, գիտեմ՝ դու ֆուտբոլի և մեր փոքրիկ ակումբի մեծ երկրպագու ես: ՈՒզու՞մ ես ավելին դառնալ. գնիր մեր բաժնետոմսերի 51 տոկոսը: Ակումբը ֆինանսական խնդիրներ ունի և մեզ գործընկեր է անհրաժեշտ»:

1991 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Անդրեաս Կլաուս Ֆինկելը, ով դրանից երկու տարի առաջ չէր կարողանում իր կատվի համար կեր գնել՝ 3 միլիոն ֆիննական ֆրանկով ձեռք է բերում ՊՊՏ-ի բաժնետոմսերի 51 տոկոսը:

Ընդամենը մեկ ամիս անց, ակումբը վերանվանվում է՝ կոչվելով «ՖԱ Ջազ»:

Այս ակումբը տարբերվում էր իր յուրահատկությամբ: Էլ որտե՞ղ կտեսնեք մի տեսարան, որտեղ ակումբի սեփականատերերից մեկը իր խմբի հետ համերգ է տալիս յուրաքանչյուր տնային խաղից առաջ:

Եթե կարծում եք, որ սա անհավանական պատմություն է, ապա ձեզ իրական անակնկալ է սպասվում:

1993-ին ակումբը հնարավորություն ստացավ մասնակցելու Ֆինլանդիայի բարձրագույն խմբի առաջնությանը և հենց այդ տարի հռչակվեց երկրի չեմպիոն: Նույնիսկ անգլիական հրաշքի՝ «Լեսթերի» երկրպագուները կնախանձեն այսպիսի արդյունքին:

Բայց ինչպես ասում են ժամանակակից մարքեթինգային բիզնեսում՝ սա էլ դեռ ամենը չէ:

1996-ին «ՖԱ Ջազը» երկրորդ անգամ հռչակվեց Ֆինլադիայի չեմպիոն:

Դժվար էր այս ամենին բացատրություն գտնելը: Թիմը համալրված էր երիտասարդ և անփորձ ֆուտբոլիստներով, բայց նրանց ցուցադրած խաղը հավասարը չուներ ներքին առաջնությունում: Պարզապես հավելենք, որ ակումբի առաջատար ֆուտբոլիստները վաստակում էին ընդամենը 1200 եվրո (Ֆինլանդիան 2002-ից փոխեց իր արժույթը՝ անցնելով եվրոյի):

Այդ տարվա չեմպիոնությունը նշվեց մեզ արդեն հայտնի Pori Jazz փառատոնում: Ֆինկելի հատուկ հրավերով հանդես եկավ աշխարհահռչակ ջազ երաժիշտ Քրիս Բոտին: Նրա «կախարդական շեփորի» օգնությամբ հնչած՝ La Belle Dame sans Regrets կատարումը դարձավ ակումբի հիմնը:

Սակայն, մենք գիտենք, որ ցանկացած հրաշք ունի իր ավարտը:

Ֆինկելը 2000 թվականին վաճառեց իրեն պատկանող բաժնետոմսերը և նոր կնոջ՝ Էմիլիայի հետ տեղափոխվեց Ավստրալիա, որտեղ էլ ապրում է մինչև հիմա:

FC Jazz-ը գնեցին կորեացի գործարարները, որոնք հեռու էին «ջազային հնչյուններից» և ակումբը ընդամենը 4 տարվա ընթացքում նորից վերադարձավ սիրողական լիգա: Այժմ FC Jazz-ը խաղում է ֆիննական երրորդ սիրողական լիգայում:

«Ֆուտբոլին փոխարինելու եկավ գինեգործությունը, իսկ ջազին՝ ոչինչ չի կարող փոխարինել: Ես նվագում էի այն պահին երբ տխուր էի, նվագում էի այն ժամանակ, երբ ուրախ էի և վերջապես ես նվագում էի այն րոպեներին, երբ ինձ ոչ ոք չէր հավատում:

Միակ մարդը, ումից ես ուզում եմ ներողություն խնդրել, դա այն դրամապանակի տերն է: Ես չեմ հպարտանում իմ այդ արարքով, բայց դա դարձավ այն խթաններից մեկը, որը ստիպեց ինձ շարժել իմ կյանքի «կանգնած պտտանիվը »,-իր հարցազրույցներից մեկում ասել է Ֆինկելը:

Ի վերջո, սա ոչ թե ֆուտբոլային ակումբի կամ Անդրեաս Ֆինկելի մասին պատմություն է, այլ սեփական կյանքը ղեկավարելու պատմություն: Եթե ձեզ թվում է, որ նորվեգացի այս տղամարդը փոխեց իր կյանքը, քանի որ գտավ ուրիշի դրամապանակը կամ ազդվեց կնոջ հետ բաժանումից, ուրեմն մենք շարունակում ենք հետևել «հեռուստադիտողի սինդրոմին»:

Հոգեբանության մեջ այսպես է անվանվում այն մարդկանց պահվածքը, ովքեր ուրիշների հաջողությունը վերագրում են պատահական իրադարձությունների զուգադիպությանը՝ չցանկանալով փոխել սեփական կյանքի կորագիծը: Անվերջ լսել այլոց լրահոսը, կյանքը լցնել անիմաստ տեղեկատվական աղբով, որով «սնվում» ես ամեն օր:

«Փորձեք ստեղծել ձեր լրահոսը, որը հաճելի կլինի ձեզ: Գտեք այն, ինչը երջանկացնում է ձեր հոգին՝ ջազ, ռոք, բլյուզ կամ նույնիսկ գրպանում պատահաբար հայտնաբերված մաստակ: Հավատացեք, ճակատագրի ընթացքը փոխելու համար դրամապանակի առկայությունը պարտադիր պայման չէ:

Եվ դուք անպայման կգտնեք այն կնոջը, ում գոյության համար երբեք չեք ափսոսա – La Belle Dame sans Regrets»․ Անդրեաս Ֆինկել

Armsport.am

Back to top button