ՄիջազգայինՆորություններ

Հայտնի է դարձել, թե ովքեր են վրեժ լուծելու ԱՄՆ-ից՝ գեներալ Սուլեյմանիի սպանության համար

ԱՄՆ զինուժի կողմից իրանցի զորահրամանատար Ղասիմ Սուլեյմանիի սպանությունը ցասում է առաջացրել ոչ միայն Իրանում, այլեւ ամբողջ Մերձավոր Արեւելքում, գրում է mk.ru-ն:

Շատ քաղաքական եւ ռազմական դաշնակիցներ, անգամ սպանված գեներալի հակառակորդները հանդես են եկել վրեժխնդրության կոչերով: Մասնավորապես, իրաքցի կրոնական եւ քաղաքական գործիչ Մուքթադ աս Սադրը հայտարարել է «Մահդիի բանակ» խմբավորման վերաստեղծման մասին, որը հայտնի է ամերիկյան զորքերի վրա հաջողված հարձակումներով:

Աս Սադրը հայտարարություն է հրապարակել, ըստ որի 2014թ.-ին ԱՄՆ-ի հետ առճակատումից հրաժարված խմբավորումը կրկին սկսում է պայքարը: Նշվում է, որ շարժման կողմնակիցները պետք է լիարժեք կերպով պատրաստ լինեն պաշտպանել Իրաքը:

«Ես՝ որպես Իրաքյան ազգային դիմադրության ղեկավար, հրամայում եմ պատրաստ լինել մոջահեդներին՝ հատկապես Մահդիի բանակին եւ Ալ-Յաում ալ Մավուդի զորախմբին, նաեւ բոլոր ազգային կազմակերպված խմբավորումներին, որոնք ենթարկվում են մեզ, որպեսզի նրանք պատրաստ լինեն պաշտպանելու Իրաքը», — հայտարարել է Աս Սադրը:

«Մահդիի բանակը» ստեղծվել է վերջինիս կողմից 2004թ.-ին՝ որպես Իրաքում ամերիկյան զորքերին դիմակայող քաղաքական եւ ռազմական ուժ:  Խմբավորումը բազմաթիվ հարձակումներ եւ դիվերսիաներ է կատարել ամերիկյան ու կոալիցիոն ուժերի դեմ:

Թեեւ խմբավորումը հաճախ պարտություն է կրել, ԱՄՆ-ին այդպես էլ չի հաջողվել այն ամբողջությամբ չեզոքացնել:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներխուժումից հետո Աս Սադրի զինակիցներն Իրաքում իրենց վերահսկողության տակ առան ԱՄՆ-ի զինուժի նախկին պահեստներում մնացած զենքն ու ռազմական տեխնիկան, եւ պարտիզանական խմբավորումից վերածվեցին իսկական բանակի:

Ինչպես նշում են խմբավորման համակիրները, «Մահդիի բանակ»-ը կարող է կիրառել 2004-2008թ.թ.-ի դիվերսիոն պատերազմի ժամանակ ձեռք բերած փորձը, նաեւ նոր սպառազինությունը եւ տակտիկան:

Խմբավորման կազմում, տարբեր գնահատականներով, կա 10-50 հզր մարդ, սակայն հնարավոր հակամարտության դեպքում թիվը կարող է աճել:

Գեներալ Սուլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու պատրաստակամության մասին են հայտարարել նաեւ «Ղաթայիբ Հըզբոլլա» եւ «Իմամ Ալիի բրիգադ» խմբավորումները:

 

Աղբյուր՝ mk.ru

Back to top button